Սիրիայի հյուսիս-արևելքում շարունակվում են ռազմական գործողությունները:
Քրդական խմբավորումները Դամասկոսի հետ համաձայնության են եկել Թուրքիայի և Սիրիայի սահմանին սիրիական կառավարական զորքեր տեղակայելու շուրջ։ Սիրիական բանակը հոկտեմբերի 14-ին տեղակայվել է Հալեպից 85 կիլոմետր հյուսիս-արևելք գտնվող Մանբիջ քաղաքի արևմտյան արվարձանում։ Այս մասին հաղորդում է BBC-ին:
Համաձայն աղբյուրի տարածած տեղեկատվության՝ սիրիական զորքերը մտել են Մանբիջ քաղաք: Այժմ քրդական ղեկավարներն ու Ասադի կառավարության անդամները բանակցություններ են վարում ռուսական Հմեյմիմ ռազմաբազայում:
Al Mayadeen հեռուստալիքի տարածած հաղորդագրության համաձայն՝ բանակային ստորաբաժանումներն առաջիկա ժամերին կուղևորվեն սահմանում գտնվող Քոբանի քաղաք։
Համաձայն հեռուստաալիքի տարածած տեղեկատվության՝ կառավարական ուժերի տեղաբաշխմանը խանգարում Է այս շրջաններում ամերիկյան զորքերի ներկայությունը, որոնք չեն հասցրել լքել քրդական կազմավորումների վերահսկողության տակ գտնվող տարածքում առկա իրենց ռազմաբազաները:
«Սիրիայի դեմոկրատական ուժեր» (ՍԴՈւ) կոալիցիայի մեջ մտնող քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» (ԺԻՈւ) մարտիկներն ապահովել են սիրիացի զինծառայողների անցումն իրենց պահակակետերով:
«TASS» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական զինուժը և նրանց դաշնակից Սիրիայի ազատ բանակը վերահսկողություն են հաստատել սիրիական արդեն երկրորդ քաղաքի՝ Թել Աբյադի նկատմամբ: Ավելի վաղ նրանք գրավել էին Ռաս Ուլ Այն քաղաքը:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 9-ին Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիան սկսել է «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը, որի նպատակն է Թուրքիա-Սիրիա սահմանին քրդական խմբավորումներից ազատ անվտանգության գոտի ստեղծելը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







