Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանի լիագումար նիստում անդրադարձել է Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական գործողությանը:
Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավորը նշել է, որ Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող գործողությունը տեղահանություն է և ցեղասպանության փորձ:
Հայազգի պատգամավորն ընդգծել է, որ ժողովրդագրության հետ խաղալը հանցանք է, Իսրայելն էլ նույն փաստարկներով զավթում է Պաղեստինի տարածքները:
Հայազգի պատգամավորի այս ելույթը բուռն քննարկումների տեղիք է տվել խորհրդարանի իշխող կուսակցության և վերջինիս հետ դաշինք կազմած աջակողմյան «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) շրջանակներում:
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Օզլեմ Զենգինը Թուրքիայի ռազմական գործողության և Իսրայելի կողմից Պաղեստինի օկուպացիայի միջև համեմատություն անցկացնելու համար խստորեն դատապարտել է Փայլանի ելույթը:
Օզլեմ Զենգինը նշել է, որ տարածաշրջանում նման վիճակ է ստեղծվել «Քուրդիստանի բանվորական» կուսակցության գործունեության պատճառով:
Անդրադառնալով Փայլանի կողմից թուրքական ռազմական գործողությունները ցեղասպանության փորձ որակելուն՝ Զենգինը նշել է, որ ցեղասպանություն տերմինի օգտագործումը հավասարազոր է պառակտություն եզրույթին:
«Անարդարություն մի արեք այս ազգի հանդեպ»,- ընդգծել է Զենգինը։
Մեջլիսի «Ազգայնական շարժում» կուսակցության խմբակցության ղեկավար Էրքան Աքչայը Փայլանի խոսքերին ամենակոշտnշտն է արձագանքել․
«Անեծք այդ խոսքերին: Թուրքիան իր պայքարը տարածաշրջանի խաղաղության, Սիրիայի հյուսիսում բնակվող մարդկանց բարօրության և անվտանգության համար է մղում»,-ասել է Աքչայը:
Ազգայնական «Լավ» (İyi) կուսակցության ղեկավարը Փայլանի ելույթի վերաբերյալ ասել է, որ դատապարտում է խորհրդարանական ամբիոնից նմանատիպ արտահայտությունների օգտագործումը:
Ի պատասխան ելույթի քննադատություններին` գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) խմբակցության ղեկավար Էնգին Ալթայը արձագանքել է. «Փայլանի որոշ խոսքեր չեմ ընդունում, բայց կան բաներ, որ շատ ճիշտ են ասված: Սակայն, եթե սա խորհրդարան է և արտահայտվելու վայր է, ապա բոլորն ազատ արտահայտելու են իրենց մտքերը»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







