Ռուսաստանն ակնկալում է ստանալ լրացուցիչ տեղեկություններ նախօրեին Սիրիայում ռազմական գործողությունները միառժամանակ դադարեցնելու վերաբերյալ թուրք-ամերիկյան համաձայնության մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Դմիտրի Պեսկովը նշել է, որ ռուսական կողմը Թուրքիայից լրացուցիչ տեղեկություններ է ակնկալում ստանալ թուրք-ամերիկյան համաձայնության վերաբերյալ։
Նշենք, որ հոկտեմբերի 17-ին սիրական ճգնաժամի հարցով Անկարայում կայացել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի և պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
1 ժամ 40 րոպե տևած բանակցություններից հետո Թուրքիան ու ԱՄՆ-ը պայմանավորվել են Սիրիայի հյուսիս-արևելքում 120-ժամյա հրադադարի ռեժիմ հաստատել, որի ընթացքում քուրդ զինյալները պետք է հեռանան Եփրատի արևելքից։ ԱՄՆ-ն աջակցելու է «Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ» (YPG) դուրսբերմանը նշված գոտուց։
Ամերիկյան կողմը հայտարարել է, որ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ չի սահմանի Թուրքիայի նկատմամբ, իսկ արդեն սահմանված պատժամիջոցները կչեղարկվեն, երբ ռազմական օպերացիայի գոտում կապահովվի մշտական հրադադար։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան Սիրիայի հյուսիս-արևելքում սկսել է «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը։ Թուրքական զինուժի ներխուժումը Սիրիա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքեցին Եփրատ գետի արևելյան հատվածը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







