Քրդերը 35 ժամ ունեն Սիրիայի հյուսիսային տարածքներից հեռանալու համար։ Այս մասին այսօր՝ հոկտմբերին 21-ին, TRT World Forum 2019 երրորդ միջազգային համաժողովի բացման ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Չավուշողլուն նշել է, որ, եթե քրդերը 35 ժամվա ընթացքում չհեռանան Սիրիայի հյուսիսից, ապա Թուրքիան կվերսկսի «Խաղաղության ակունք» ռազմագործողությունը։ Նշենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել ըստ որի՝ Սիրիայի քուրդ զինյալները լքել են Ռաս ալ-Այն քաղաքը։ Հայտարարության համաձայն՝ քաղաքում տեղակայվելու են Թուրքիայի հովանավորությունը վայելող ուժերը։
Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, որ այս պահին որևէ խոչընդոտ չկա քուրդ զինյալների դուրսբերման հարցում։ Նշվել է, որ գործընթացը խստորեն համակարգվում է ամերիկյան կողմից։ Թուրքական կողմը տեղեկացրել է, որ 55 մեքենայից բաղկացած ավտոշարասյունը մտել է Ռաս ալ-Այն, ևս 86 ավտոմեքենա քաղաքից շարժվել է դեպի Թել-Ամիրա բնակավայր։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին ԱՄՆ-ն և Թուրքիան համաձայնության էին եկել, որ Սիրիայի հյուիս-արևելքում 120-ժամյա հրադադարի ռեժիմի կհաստատվի, որի ընթացքում քուրդ զինյալները պետք է հեռանան Եփրատի արևելքից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







