Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Սոչիում կկայանա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։
Երկու երկրների ղեկավարների հանդիպումը կկայանա թուրք-ամերիկյան փոխհամաձայնության արդյունքում Սիրիայում կրակի դադարեցման դադարի ժամկետի (120 ժամ), ավարտին։
Համաձայն թուրքական մամուլում տարածված տեղեկությունների՝ Պուտինի և Էրդողանի հանդիպման առանցքային թեման լինելու է Թուրքիայի Սիրիայում իրականացրած «Խաղաղության ակունք» ռազմագործողություններն ու «Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (YPG) կողմից Սիրիայի իշխանությունների վերահսկողությանը հանձնված տարածքների խնդիրը։
Էրդողանն ավելի վաղ հայտարարել է, որ Պուտինի հետ ստեղծված իրավիճակը քննարկելուց հետո կատարելու են անհրաժեշտ քայլերը։
Նշենք,որ Վաշինգտոնն ավելի վաղ հայտարարել էր վերոնշյալ տարածքներից ամերիկյան զինված ուժերը դուրս բերելու մասին։ Ամերիկյան զորքերի նշված տարածքներից դուրս գալուց հետո վերոնշյալ տարածքներն անցել են Սիրիայի կենտրոնական իշխանության վերահսկողությունը, և Թուրքիան Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու համար պետք է համաձայնության գա Սիրիայի իշխանությունների և նրանց սատարող Ռուսաստանի հետ։
Հանդիպմանն ընդառաջ ռուսական ու թուրքական կողմերը հայտարարել էին, որ սիրիական հակամարտության համատեքստում քննարկվելու են տարածաշրջանային և միջազգային հարցեր։
Պուտինի խորհրդական Յուրի Ուշակովն ավելի վաղ ընդգծել էր Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը, տարածաշրջանում հարատև կայունության անհրաժեշտությունը։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ հիշեցրել է Թուրքիայի և Սիրիայի միջև 1998 թվականին կնքված Ադանայի համաձայնագիրը՝ ընդգծելով երկու երկրների միջև երկխոսության անհրաժեշտությունը։ Ըստ Լավրովի՝ երկխոսությունը պետք է հիմնվի հենց Ադանայի համաձայնագրի վրա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







