ՌԴ պաշտպանության նախարարության կայքում հրապարակվել է Թուրքիայի հետ Սիրիայի հարցով ընդունված համաձայնագրի իրականացման քարտեզը: Ինչպես փոխանցում է Ռիա Նովոստին, թուրք-սիրիական սահմանի երկայնքով Սիրիայի սահմանապահ ծառայության 15 անցակետեր կտեղակայվեն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղի էին ունեցել ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև ավելի քան 6 ժամ շարունակվող բանակցություններ, որի ընթացքում էլ հենց ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սիրիայի մասով: Հանդիպման արդյունքում երկու կողմն էլ հավատարմություն է հայտնել Սիրիայի տարածքային ամբողջականության և միասնականության պահպանմանը:
Ըստ պայմանավորվածությունների` հոկտեմբերի 23-ից սկսած սահմանի սիրիական կողմում՝ «Խաղաղության աղբյուր» ռազմարշավի գոտուց այն կողմ, ռուսական զինտեխնիկայի ստորաբաժանումներ են տեղակայվելու` աջակցելու քրդական զորամիավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանի երկարությամբ 30 կմ ձգվող տարածքից: Այս գործողությունը կտևի 150 ժամ: Այնուհետ թուրք զինվորները կսկսեն հերթապահություն իրականացնել սահմանից 10 կմ դեպի արևմուտք և արևելք:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







