Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական գործողության հետևանքով 80.000 երեխա և 176.000 խաղաղ բնակիչ է ստիպված եղել լքել իր տունը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը. հայտնում է ermenihaber-ը։
Համաձայն ՄԱԿ-ի հրապարակած տեղեկությունների՝ Սիրիայի դեմոկրատական ուժերի վերահսկողության տակ գտնվող շրջանից շուրջ 7100 սիրիացի քրդեր Սիրիա-իրաքյան սահմանից տեղափոխվել են Իրաք։
Թուրքիայի կողմից իրականացված ռազմական գործողությունների հետևանքով Սիրիայի հյուսիսում վնասվել են ենթակառուցվածքները, էլեկտրահաղորդման գծերը, ինչի հետևանքով խնդիրներ են ստեղծվել 4 հիվանդանոցներում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակի խոսքով՝ ստեղծված իրավիճակի պատճառով տեղահանված ընտանիքները ձմռանը կարող են դժվար կացության մեջ հայտնվել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան Սիրիայի հյուսիս-արևելքում սկսել էր «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը, որի նպատակը, ըստ թուրքական կողմի, Սիրիայի հյուսիսային շրջանները «քուրդ ահաբեկիչներից» ազատելն է՝ անվտանգության գոտի ստեղծելու համար։
Հոկտեմբերի 17-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ 120 ժամյա հրադադար է հաստատվել Սիրիայի հյուսիսում, իսկ հոկտեմբերի 22-ին Սոչիում կայացած Էրդողան-Պուտին հանդիպումից հետո 150 ժամյա հրադադար է հաստատվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







