Վրաստանի ընդդիմադիր գործիչներն ու ակտիվիստները մտադիր են նոյեմբերի 25-ին՝ ժամը 19։00-ին մեծամասշտաբ բողոքի ակցիա անցկացնել Թբիլիսիում։ Այս մասին հայտնում են Վրաստանի առաջին ալիքից:
Ըստ աղբյուրի` այս կերպ նրանք փորձելու են տապալել խորհրդարանի՝ նոյեմբերի 26-ին նշանակված նիստը` փակելով խորհրդարանի մուտքերը։
Ընդդիմության ծրագրերի մասին խոսել է Վրաստանի Լեյբորիստական կուսակցության քաղաքական քարտողար Գիորգի Գուգավան`նշելով, որ ինքը պատիվ ունի ընդդիմության ձևաչափի անունից հայտարարել իրենց համաձայնեցված գործողությունների ծրագիրը:
«Երկուշաբթի, երեկոյան ժամը 19:00-ին հավաքվում ենք Հանրապետության հրապարակում, անցկացվելու է լայնամասշտաբ երթ Ռուսթավելու պողոտայից մինչև խորհրդարանի շենք և կրկին կփակենք խորհրդարանի մուտքերը: Ի տարբերություն նրանց, մեր գործողությունները կլինեն սկզբունքային, սահմանադրական և օրինական: Մենք կստիպենք, որ այս իշխանությունն ավարտվի խաղաղ, արդար, համամասնական ընտրություններով, այս երկրում օլիգարխիան պետք է ավարտվի: Բացի այդ, ամեն օր, մինչև երկուշաբթի կանցկացվեն բողոքի ցույցեր, վարչական շենքերի արգելափակումներ: Մենք կստեղծենք անտանելի պայմաններ, որպեսզի ստիպենք նրանց հեռանալ այս երկրից»,- հայտարարել է Գիորգի Գուգավան:
Նշենք, որ նոյեմբերի 18-ին Վրաստանի ՆԳՆ-ի երկու պաշտոնական գզուշացումից հետո ոստիկանությունը, հատուկ միջոցներ կիրառելով, ցրել է Ռուսթավելի պողոտայի ցույցը, իսկ ընդդիմությունը դադար է վերցրել անելիքները քննարկելու համար։
Հիշեցնենք, որ մոտ մեկ շաբաթ է արդեն Վրաստանի տարբեր քաղաքներում տեղի են ունենում բողոքի ակցիաներ՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով։ Զանգվածային ցույցերը բռնկվել են այն բանից հետո, երբ Վրաստանի խորհրդարանում չի հաստատվել համամասնական ընտրակարգին անցնելու՝ սահմանադրական փոփոխությունների նախագիծը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







