«Հարավային գազային միջանցքով» Ադրբեջանից կապույտ վառելիքի տարանցման դիմաց Վրաստանի ստացած գազի ընդհանուր ծավալը մինչև 2023 թվականը կգերազանցի 1,1 մլրդ խմ-ը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է Վրաստանի կառավարության հրապարակված հաղորդագրության մեջ:
«Այսօրվա դրությամբ Ադրբեջանից Թուրքիա գազի տարանցման համար Վրաստանը ստանում է փոխադրվող վառելիքի ընդհանուր ծավալի 5 տոկոսը, ինչը տարեկան կազմում է 6 մլրդ խորանարդ մետր բնական գազի տարանցումից 300 մլն խորանարդ մետր։ Եթե ապագայում «Հարավային գազային միջանցքով» տարեկան իրականացվի 23 մլրդ խմ գազի տարանցում, Վրաստանը կստանա ավելի քան 1,1 մլրդ խմ ՝ որպես տարանցիկ երկիր», — ասված է հաղորդագրության մեջ:
Կառավարության տվյալներով ՝ մինչեւ 2026 թվականն Ադրբեջանը պատրաստվում է Թուրքիա 31 մլրդ խմ գազ տեղափոխել, ինչը կմեծացնի տարանցման համար Վրաստանին հատկացվող բաժինը:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը թուրքական Էդիրնայում ՝ Հունաստանի հետ սահմանին, տեղի է ունեցել Տրանսանատոլիական գազատարի (TANAP) գործարկման պաշտոնական արարողությունը։ Դրան մասնակցել են Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները, ինչպես նաև Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:
Գազատարի սկզբնական թողունակությունը, որը դիտարկվում է որպես «Թուրքական հոսքի» հնարավոր մրցակից, կկազմի տարեկան 16 մլրդ խորանարդ մետր գազ։ Այդ ծավալներից 6 մլրդ խմ-ը մնալու է Թուրքիայում, իսկ 10 մլրդ խմ-ը՝ կփոխադրվի Եվրոպայի հարավ։ TANAP-ը Հարավային գազային միջանցքի մի մասն է, որը Բաքվից մինչև Իտալիայի հարավ ձգվում է Վրաստանի, Թուրքիայի, Հունաստանի, Ալբանիայի տարածքով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







