Թուրքիայում օսմանյան շրջանի գեղանկարչության մեջ մեծ ավանդ ունեցող հայ գեղանկարիչներին նվիրված ցուցահանդես է բացվել: Այս մասին հայտնում է ermenihaber-ը։
Ստամբուլի «Canvas Art Investments» սրահում անցկացվող «Armenian Painters In the Ottoman Empire» (Օսմանյան կայսրության հայ գեղանկարիչները) ցուցահանդեսը բացվել է դեկտեմբերի 20-ին և կշարունակվի մինչև հունվարի 20-ը։
Թուրքական «Superhaber» լրատվական կայքը հիշեցնում է, որ հայերը կայսրությունում մեծ հռչակ են վայել հատկապես ճարտարապետության ու գեղանկարչության ոլորտում հեղինակած գործերով:
«Նրանք հեղինակել են ստեղծագործական ձիրք ու վարպետություն պահանջող մի շարք գործեր՝ պալատների զարդարանքներից մինչև թատրոնների դեկորներ, Բոսֆորի նեղուցի ափամերձ հրաշալի շինություններից մինչև առաջին մեջլիսի պատգամավորների վկայականների ձևավորում»,- ասվում է հրապարակման մեջ:
Կայքը միաժամանակ նշում է, որ թուրքական գեղանկարչության մեջ հայերը ևս շրջադարձային նշանակություն են ունեցել։
Կտավի վրա յուղաներկով նկարելու տեխնոլոգիայում արևմտյան մտածողությամբ օսմանյան գեղանկարչության առաջին գործերը հեղինակել են հայ գեղանկարիչները:
Ցուցահանդեսում ներկայացվող ուշագրավ կտավներից են Բեշիքթաշցի Ջիվանյանի «Ստամբուլ», Սամաթյացի Սիմոն Յազըջըյանի «Գուշակ կինը» (1882թ.) և Տրապիզոնցի Բուզանդ Գոջամանյանի «Էշերը» կտավները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







