«Հըզբոլլահի» կողմնակիցներն անընդհատ կաշխատեն այն նպատակներին հասնելու ուղղությամբ, որոնց վրա աշխատել է Բաղդադում սպանված իրանական «Քուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սոլեյմանին։ Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է լիբանանյան շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալան:
«Մենք մարդիկ ենք, որոնք մնացել են նրանից հետո։ Այնպես որ, մենք շարունակելու ենք նրա ճանապարհը, և կաշխատենք օր ու գիշեր՝ հասնելու իր նպատակներին։ Մենք նրա դրոշը կբարձրացնենք մարտերի բոլոր հրապարակներում ու դաշտերում», — ասել է Նասրալլան։
Հիշեցնենք, որ Բաղդադի օդանավակայանում հունվարի 2-ի երեկոյան սպանվել է «Քուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սոլեյմանին: Նրա հետ զոհվել են Իրաքի շիա աշխարհազորի «Ալ Հաշդ աշ Շաաբի» մի քանի առաջնորդներ։
Պենտագոնում հայտարարել են, որ Բաղդադի օդանավակայանի ուղղությամբ հարվածն արտոնվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից: Վաշինգթոնում զոհված Սուլեյմանին մասնակից են համարում Բաղդադում ամերիկյան դեսպանատան վրա հարձակումներին:
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը գեներալի սպանությունը որակել է որպես միջազգային ահաբեկչության ակտ, իսկ նրա գերատեսչությունը Վաշինգտոնին վճռական բողոք է հայտնել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







