Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության առաջին՝ մարտավարական փուլն ավարտված է և հիմա հակամարտությունը կտեղափոխվի ռազմավարական հարթություն, որն ավելի կարևոր խնդիրների է վերաբերելու։
Այս մասին հունվարի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ ԳԱ Արևալագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
«Իրանը շատ հստակ հայտարարել է, որ ամեն ինչ կանի, որ վերջ տա ամերիկյան զինված ուժերի ներկայությանը Մերձավոր Արևելքում: Սա իսկապես կարևոր ռազմավարական նպատակ է, որ իր առջև դրել է Իրանը»,- ընդգծել է Սաֆրաստյանը, հավելելով, որ խնդիրը կարևոր կլինի հետևանքների տեսանկյունից ևս:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա, ըստ արևելագետի, այստեղ խնդիրներն այդքան միանշանակ չեն դրվում:
«Երբ իշխանության էր գալիս Թրամփը, նա հստակ հայտարարում էր, որ իր համար ամենակարևորը ԱՄՆ-ն է և, դրանից ելնելով, նա հայտարարում էր, որ պետք է ձգտի թուլացնել ամերիկյան ռազմական ներկայությունը տարբեր տարածաշրջաններում»,- նշել է նա:
Արևալագիտության ինստիտուտի տնօրենի կարծիքով այդ նպատակները չեն կիսում ամերիկյան կառավարող դասի մեծ մասը, ինչով էլ պայմանավորված է Թրամփի կողմից դրանց իրականացման ձախողումը։
Նա հիշեցրեց, որ նախորդ տարի հայտարարվեց, որ ԱՄՆ-ը դուրս է բերում իր զորքերը Սիրիայից, բայց դա կիսատ մնաց, բայց Թրամփի ռազմավարական նշանակություն ունեցող քայլը չընդունվեց ամերիկյան ղեկավարության կողմից։
«Աշխարհը միջազգային հարաբերությունների առումով մտնում է մի նոր փուլ: Այդ փուլի առաձնահատկությունը պետք է լինի այն, որ մեկ երկիր, տվյալ դեպքում՝ ԱՄՆ-ը, ուղղակի հնարավորություն չի ունենա ներուժը տարածել աշխարհի տարբեր տարածաշրջաններում և դրան հաղորդել ռազմական ներկայության տեքստ: Սա օբյեկտիվ է և Թրամփի ձգտումը՝ պակասեցնել ամերիկյան ներկայությունը տարբեր տարածաշրջաններում բխում է օբյեկտիվ օրինաչափությունից»,-ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է Մերձավոր Արևելքին, այստեղ, ըստ Սաֆրաստյանի, ԱՄՆ-ը շատ լուրջ ռազմական ներկայություն ունի, իսկ Իրանի որդեգրած մոտեցման պարագայում խնդիրը կտեղափոխվի ռազմավարական հարթություն։
«Ըստ էության Իրանը շրջապատված է ամերիկյան զինված ուժերով: Եթե Իրանն իր առջև դնում է այսպիսի խնդիր, դա նշանակում է, որ բախումը երկու երկրների միջև կտեղափոխվի ռազմավարական հարթություն: Կարծում եմ՝ մոտակա 1-2 տարվա ընթացքում Մերձավոր Արևելքում հանգիստ չի լինի»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







