Իրաքում տեղակայված ռազմակայանների իրանական գնդակոծության ժամանակ կոնտուզիաներ ստացած ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 50-ի, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ վկայակոչելով Պենտագոնի ներկայացուցիչ Թոմաս Քեմփբելի հայտարարությունը:
Պենտագոնի ներկայացուցչի խոսքով՝ 50 տուժածներից 31-ը բուժօգնություն է ստացել Իրաքում և արդեն վերադարձել է պարտականությունների կատարմանը, 18 մարդ տարհանվել է Գերմանիա՝ բուժման համար:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Իրանի բազաների վրա հարվածի հետևանքով տուժածներ չեն եղել: Ավելի ուշ նա խոստովանել է մի շարք զինծառայողների մոտ կոնտուզիաների առկայությունը, սակայն պնդել է, որ խոսքը լուրջ վնասվածքների մասին չէ։
Հիշեցնենք, որ Իրանը հունվարի 8-ին հրթիռային հարվածներ է հասցրել իրաքյան բազաներին, որտեղ տեղակայված են ԱՄՆ-ի զինծառայողները՝ ի պատասխան հունվարի 3-ին Բաղդադում իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանման։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







