Իրանի իսլամական հեղափոխության կորպուսի «Ղոդս» ուժերի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի դուստրը՝ Զեյնաբ Սոլեյմանին, Բեյրութում հանդիպել է «Հեզբոլլահ» խմբավորման առաջնորդ, շեյխ Հասան Նասրալլայի հետ: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել գեներալի դուստրը:
Սոլեյմանիի դուստրը նշել է, որ Միացյալ Նահանգների և Իսրայելի սարդոստայնները կքանդվեն։
Նշենք, որ իրանցի գեներալի դուստրը նախկինում հանրությանն այդքան էլ հայտնի չէր և ուշադրության կենտրոնում հայտնվեց այն բանից հետո, երբ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին անձամբ գնաց Ղասեմ Սոլեյմանիի տուն՝ գեներալի հարազատներին ցավակցություն հայտնելու համար: Դրանից հետո նա դարձավ հոր հրաժեշտի արարողության գլխավոր խոսնակը և հանդես եկավ ելույթով՝ ամերիկացիներին խոստանալով վրեժ լուծել իր հոր մահվան համար:
Զեյնաբ Սոլեյմանին կոչով դիմեց իր «երեք հորեղբայրներին»՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին, Եմենի հուսիների առաջնորդ Աբդել-Մալիք ալ-Հուսիին և լիբանանյան «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլային, որպեսզի նրանք ևս վրեժ լուծեն իր հոր համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







