Կիրակի օրը կայացած Ադրբեջանի խորհրդարանի արտահերթ ընտրություններում իսկական մրցակցություն չի եղել՝ չնայած մեծ թվով թեկնածուներին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ երկուշաբթի հանդես են եկել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ներկայացուցիչները:
«Չնայած թեկնածուների մեծ քանակին, օրենսդրության սահմանափակումները խոչընդոտել են իրական մրցակցությանը», — ասված Է առաքելության հայտարարության մեջ:
Դիտորդները հայտարարել են, որ բազմաթիվ խախտումներ են արձանագրել ընտրություններում, ինչը ստիպում է կասկածել դրանց թափանցիկությանը։ Բացի այդ, ըստ նրանց, որոշ դեպքերում ընտրողների վրա ճնշում է գործադրվել։
Դիտորդական առաքելության ներկայացուցիչները նաև նշում են, որ ընտրություններում տարբեր մակարդակների ընտրական հանձնաժողովների աշխատանքը թափանցիկ է եղել դիտորդների համար, սակայն այն չի կարողացել ապահովել ազատ ժողովրդավարական ընտրությունների անցկացումը:
«Մենք տեսել ենք, որ ընտրական հանձնաժողովների աշխատանքը եղել է բաց և թափանցիկ դիտարկման համար։ Սակայն դա չապահովեց անկողմնակալ ազատ ընտրություններ։ Ձայների հաշվարկի ընթացակարգը մեր հիասթափությունն է առաջացրել», — ասված Է առաքելության հայտարարության մեջ:
Դիտորդների խոսքով՝ ձայների հաշվարկի ընթացքում լուրջ խախտումներ են արձանագրվել դեպքերի գրեթե կեսում։
«Թեկնածուներին մասնակցության հնարավորություն է տրվել, բայց հաղթանակի հնարավորություն չի տրվել», — եզրափակել է ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդների առաքելության հատուկ համակարգող, ուկրաինացի պատգամավոր Արթուր Գերասիմովը:
Ադրբեջանի խորհրդարանի արտահերթ ընտրությունները երկրի նախագահ Իլհամ Ալիևի կողմից նշանակվել էին անցյալ տարվա վերջին՝ խորհրդարանի ինքնալուծարումից հետո։ Միապալատ խորհրդարանում 125 տեղի համար հավակնում էր 1314 թեկնածու։ Ընտրություններին հավատարմագրվել է 59 միջազգային կազմակերպություն ներկայացնող 883 դիտորդ։
Ըստ արձանագրությունների՝ երկրի նախագահի գլխավորած իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը օրենսդիր մարմնում ամենաշատ մանդատներն է ստանում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







