«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումից Թուրքիայի հրաժարումը, Հայաստանի տնտեսական շրջափակումը, Հայոց ցեղասպանության շարունակվող ժխտումը, ղարաբաղյան հակամարտության համատեքստում Ադրբեջանի անվերապահ և բացահայտ աջակցությունը լուրջ սպառնալիք են ստեղծում Հայաստանի անվտանգության համար»,-հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարությունը ևս մեկ անգամ հիշեցում է Հարավային Կովկասում Թուրքիայի ապակառուցողական քաղաքականության մասին։
Ակնհայտ է, որ հենց նման քաղաքականությունն է Հայաստանի և Թուրքիայի միջև փակ սահմանի գլխավոր պատճառը և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում Ադրբեջանի կողմից փոխզիջումների չգնալը։
Անկարայի և Բաքվի ռազմաքաղաքական դաշինքն արդեն հանգեցրել է Հայաստանի բազմամյա շրջափակման և տարածաշրջանում բաժանարար գծերի առաջացման։ Ավելին, երկու երկրներն էլ կոնկրետ քայլեր են ձեռնարկում ՝ Հայաստանին տարածաշրջանային գլոբալ տնտեսական նախագծերին մասնակցություն թույլ չտալու համար։
Երևանի համար առանձնակի անհանգստություն է առաջացնում Նախիջևանում թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության խորացումը։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է վերջին տարիներին հաճախակի դարձած համատեղ զորավարժություններին։ Այս համատեքստում միանգամայն տրամաբանական են թվում հայ փորձագետների պնդումները տվյալ տարածքում թուրքական ռազմաբազայի ստեղծման հնարավորության մասին։
Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանի ենթադրությամբ, Նախիջևանում թուրքական ռազմաբազայի ստեղծումը նախապատրաստական փուլում է գտնվում։ Ռազմաբազայի հիմնումը այդքան շուտ տեղի չի ունենա, սակայն Անկարան աշխարհաքաղաքական լուրջ նպատակներ ունի և դա առնչվում է Հարավային Կովկասում ռուս-թուրքական մրցակցությունը։
Չի բացառվում, որ Հայաստանի արտգործնախարարի վերոնշյալ հայտարարության գլխավոր հասցեատերը հենց Մոսկվան է։
Անկարայի ապակայունացնող քաղաքականության մասին Զոհրաբ Մնացականյանի արտահայտությունները դիվանագիտական ուղերձ են ռազմավարական դաշնակցին։ Չնայած Ռուսաստանի և Թուրքիայի միջև առկա ակտիվ երկխոսությանը՝ տարածաշրջանում նրանց աշխարհաքաղաքական շահերը նախկինի պես չեն համընկնում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







