Արցախի «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում սեպտեմբերի 25-ից կբացվի նոր ցուցադրություն՝ նվիրված Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 30-ամյակին:
Ցուցադրվելու են Արցախի թեմի վերջին (մինչև թեմի վերաբացումը) առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Հակոբյանի գրած և ստացած նամակներից մի քանիսն ու լուսանկարներ:
Մատենադարանի մասնաճյուղում սեպտեմբերի 25-ից մասնավորապես ցուցադրվելու են՝
Վրթանես ծ. վարդապետ Հակոբյանի տեղեկագիրը՝ Արցախի թեմի գյուղերի հոգևոր վիճակի մասին։
Ն. Մառի աշակերտ Շահումյանցի՝ Արցախում լինելու և Ղարաբաղի բարբառը ուսումնասիրելու մասին։
Գերագույն հոգևոր խորհրդի խտրական վերաբերմունքի պատճառով Վրթանես սրբազանի՝ թեմից հեռանալու մասին։
Վրթանես սրբազանի շնորհակալական նամակը Գարեգին արքեպիսկոպոս Հովսեփյանին՝ ի պատասխան իր եպիսկոպոս ձեռնադրման առթիվ շնորհավորանքի։
Մտորումներ Գարեգին արքեպիսկոպոս Հովսեփյանի «Խաղբակյանք և Պռոշյանք» երկի տպագրության շուրջ։
Վրթանես սրբազանի նկատմամբ Գերագույն հոգևոր խորհրդի խտրական վերաբերմունքի մասին։
Տեղական իշխանություններից թույլտվություն խնդրելու և Արցախի թեմի վանքերն ու եկեղեցիները այցելելու մասին։
Արխիվային լուսանկարներ:
Բացի դրանից, սեպտեմբերի 29-ին Գանձասարում, որը 1925 թ. փետրվարի 26-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի կոնդակով դառնում է Արցախի թեմի հոգևոր կենտրոն, մեծ շուքով կնշվի թեմի վերաբացման 30-ամյակը:
Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի զբոսավարներն այցելուներին համառոտ կներկայացնեն նաև թեմի պատմությունը:
2015թ. Մարտակերտի շրջանի Գանձասար վանական համալիրի տարածքում բացված «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնը, որպես Մաշտոցյան Մատենադարանի արցախյան մասնաճյուղ, երկու հիմնարար ստորաբաժանում ունի՝ գիտական ուսումնասիրությունների բաժին և թանգարանային համալիր, ուր ցուցադրված են պատմական Հայաստանի Արցախ և Սյունիք նահանգներում գրչագրված 100-ից ավելի ձեռագիր մատյաններ, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերի բնագրեր ու ընդօրինակություններ, հնատիպ գրքեր, ինչպես նաև պատմական հանգամանքների բերումով Արցախի վանքերում և եկեղեցիներում այլ շրջաններից բերված կամ փրկագնված ձեռագրեր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



