Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:18

Մեր պետության իրավական անվտանգությունը լուրջ սպառնալիքի տակ է․ Լարիսա Ալավերդյան

«Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը երկար տարիների պատմություն ունի, և այն, ինչ տեղի է ունենում այսօր, ոչ այլ ինչ է, քան «դատական համակարգի վերանայում» կոչվող ներկայացման հերթական ակտը։ Ուզում եմ ընդգծել, որ 1996 թվականին ձևավորված մեր Սահմանադրական դատարանն այս բոլոր տարիների ընթացքում որոշակի թերություններով մեծ հեղինակություն է վայելում ոչ միայն հետխորհրդային տարածքի մասնագետների շրջանում, այլև ամբողջ աշխարհում»: Այս մասին Armenia Today-ին տված հարցազրույցում ասել է հայտնի հասարակական և քաղաքական գործիչ, ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը՝ մեկնաբանելով «Իմ քայլը» դաշինքի կողմից ներկայացված Սահմանադրական դատարան դիմելու որոշման նախագծի ընդունումը՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցով։

— Տիկին Ալավերդյան, Հրայր Թովմասյանի «տապալման» կողմնակիցներն ի թիվս այլոց բերում են հետևյալ փաստարկները. եթե իշխանությունը փոխվել է, պետք է փոխվի նաև Սահմանադրական դատարանի կազմը։

— Դա ծիծաղելի փաստարկ է։ Դա հետևանք է խեղաթյուրված այն պատկերացման, թե ինչ է դատարանի անկախությունը, այդ թվում ՝ ՍԴ-ի: Մեզ մոտ, չգիտես ինչու, ընդունված է համարել, որ դեռ նախկին իշխանությունների կողմից նշանակված դատավորները կախված են նրանցից։ Մինչդեռ կախվածությունը միշտ էլ լինում է գործող գործադիր և օրենսդիր իշխանություններից՝ հենց գործող, բայց ոչ նախկին:

Երկրորդ ՝ ներկայիս քաղաքական էլիտայի ներկայացուցիչներն անընդհատ պնդում են համակարգային փոփոխությունների անհրաժեշտության մասին՝ նկատի ունենալով բացառապես կադրային փոփոխությունները։ Սա կոպիտ քաղաքական սխալ է, որը հղի է վտանգավոր հետևանքներով, այդ թվում վտանգավոր է երկրի անվտանգության համար։ Եվ խոսքն այստեղ ոչ թե ռազմական, այլ իրավական անվտանգության մասին է, որը երկրի անվտանգության շատ կարևոր բաղադրիչ։

Եվ այս իմաստով դատապարտելի են իշխանությունների կողմից ցուցաբերվող արհամարհանքն ու նիհիլիզմն այն ներուժի նկատմամբ, որը մեր երկիրն՝ իր անկախության բոլոր տարիների ընթացքում, մեծ դժվարություններով կարողացել է կուտակել։ Այսօրվա քաղաքական էլիտան երբեմն հիշեցնում է ինչ-որ ավերիչ աղանդի, որը ձգտում է հեղափոխական փոշով ոչնչացնել այն ամենը, ինչ ստեղծվել էր դրանից առաջ։

— Փաշինյանի կառավարության ընդդիմախոսները մատնանշում են իշխանության ձգտումը՝ վերահսկողության տակ դնել դատական համակարգը, դարձնել այն կանխատեսելի և կառավարելի։

— Այդ ձգտումը լիովին հակասում է միջազգային իրավունքի բոլոր նորմերին։ Անկախ դատական համակարգ ձևավորելու նրանց ցանկության մասին իշխանությունների բոլոր հայտարարությունները խորը հակասության մեջ են իրենց իսկ գործողությունների հետ։ Իսկ այդ գործողությունները վկայում են մի բանի մասին, որ ներկայիս իշխանությունը ձգտում է ստանալ դատական համակարգ, որն ամբողջությամբ կախված կլինի քաղաքական էլիտայից։ Եվ այդ իմաստով մեզ սպասում է իրավական պետության կառուցման թեկուզ մասնակի վերականգնման համար պայքարի շատ ակտիվ շրջան։ Հասարակության այն հատվածը, որն ադեկվատ է ընկալում կատարվածը, պետք է իր բոլոր ջանքերը կենտրոնացնի իրավական պետություն կառուցելու ուղղությամբ։

Օրենսդրության շատ նորմեր այսօր իշխանությունների կողմից կամայական մեկնաբանության են ենթարկվում, դա երկիրը քաոսի տանող ճանապարհ է, որը բնորոշ է բոլոր պոպուլիստական հեղափոխություններին։

Սակայն ես չէի ցանկանա կանխատեսել նման աղետալի սցենար, քանի որ կարծում եմ, որ Հայաստանում կա բավական հասուն հասարակական շերտ, որը կարող է դիմակայել դրան ՝ չնայած Հայաստանում այսպես կոչված պոպուլիստական շարժումների արևմտյան տեխնոլոգիաների բավական ուժեղ ազդեցությանը։

Մի խոսքով, Փաշինյանի կառավարությունը լուրջ փորձության առաջ է կանգնած։Այս իշխանությունը պետք է ապացուցի, որ ընդունակ է ժողովրդավարական բարեփոխումների հասնել բացառապես ժողովրդավարական մեթոդներով, այլ ոչ թե «հեղափոխության պատժիչ սրով»։

-Ի՞նչ եք կարծում, ինչպիսին կլինի միջազգային հանրության, մասնավորապես արևմտյան համապաստասխան կառույցների արձագանքը՝ Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ:

-Դե նայած՝ ինչ ենք նկատի ունենում «Արևմուտք» ասելով: Մենք, չգիտես ինչու, արևմտյան հանրությանը պատկերացնում ենք միատարր, բայց իրականում դա այդպես չէ։ Բավական է ասել, որ հենց Արևմուտքն է, որ այսօր գտնվում է ներքին հակասությունների շեմին։ Օրինակ, Եվրամիությունը և ԱՄՆ -ն արդեն առևտրային պատերազմի շեմին են։ Իսկ, եթե խոսենք Արևմուտքի այն հատվածի արձագանքի մասին, որտեղ գործում են իրավունքի գերակայությունն ապահովող առողջ ինստիտուտները (the rule of law), ապա նրանց համար այսօր Հայաստանում տեղի ունեցող ամեն ինչը դուրս է տրամաբանությունից և առողջ բանականությունից։ Նույն Վենետիկի հանձնաժողովն ավելի վաղ արդեն հայտնել է իր վերաբերմունքը տեղի ունեցող երևույթների նկատմամբ։ Կարծում եմ, որ արձագանքը մեղմ կլինի ձևակերպումների առումով, ինչը բնորոշ է Եվրոպային, բայց, միևնույն ժամանակ, այս ձևակերպումները կմատնաշեն իրավական ուղի վերադառնալու անհրաժեշտության մասին։

— Տիկին Ալավերդյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանի հանրային խորհրդի նախագահ, «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի նախագահ Վազգեն Մանուկյանի հայտարարությունը, որում նա, խոսելով սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի և, ընդհանուր առմամբ, երկրում տիրող իրավիճակի մասին՝ հանդես եկավ հասարակության միավորման կոչով:

— Ես միանում եմ այդ հայտարարությանը, ես համակարծիք եմ նրա հետ: Այս հայտարարությունը ապացույցն է այն բանի, որ երկրում կան առողջ ուժեր, որոնք կարող են դեմ դուրս գալ «տղայական» այս կամ այն գիտակցված կամ չգիտակցված ավերիչ քայլերին։

Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ Վազգեն Մանուկյանին, ապա նա երբեք քաղաքականությունից դուրս չի եկել, իսկ այսօր ունի բոլոր հիմքերն ու նախադրյալները՝ ավելի ակտիվ քաղաքական գործունեություն ծավալելու համար։

— Եկեք վերադառնանք ԱԺ-ում Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հետ կապված հարցի քննարկմանը։

— Նախ նշեմ, որ վերջնական որոշումը պետք է կայացնի Սահմանադրական դատարանը։ Եվ բոլորովին պարտադիր չէր այդ քննարկումն անցկացնել խորհրդարանում, ցանկացած խմբակցություն, ըստ գործող օրենսդրության, կարող էր դիմել ՍԴ այդ հարցով։ Տպավորություն է ստեղծվում, որ քաղաքական ինստիտուտների առանձին ներկայացուցիչներ հաճույք են ստանում իրավունքի ցուցադրական ոտնահարումից։ Կարծում եմ՝ դա արվում է հեռուն գնացող նպատակներով ՝ հասարակության՝ իրավական առումով քիչ կրթված հատվածին ներշնչելու համար, որ այն ամենը, ինչ արվում է, ճիշտ է և անհրաժեշտ է երկրին։ Մենք գործ ունենք հանրային գիտակցությունը իսպառ խեղաթյուրելու փորձի հետ: Հայաստանը ոչ առաջին, ոչ էլ միակ երկիրն է աշխարհում, որը գնում է բարեփոխումների ճանապարհով։ Բայց այստեղ շատ զգուշավորություն ու գրագիտություն է պետք իշխանավորներին, ինչը, ցավոք, չենք տեսնում իշխող «Իմ քայլը» դաշինքի գործողություններում։

Կուզենայի խոսել նաև սրա մասին։ Բոլորը խոսում են գործընթացը քաղաքականացնելու մասին, բայց իրականում դա ոչ այլ ինչ է, քան կուսակցականացում, այսինքն ՝ որոշակի կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի վերահսկողության տակ լինել, տվյալ դեպքում՝ «Իմ քայլի»։ Սա քաղաքական գործընթաց չէ։ Իշխող ուժը կարծում է, որ, փոխելով սուբյեկտները, կարելի է ապահովել համակարգային փոփոխություններ։ Դա անհեթեթություն է։ Դատավորների ունեցած կախվածությունը նախկին իշխանությունից այսօր ուզում են փոխարինել ներկայիս իշխանությունից կախվածությամբ, ոչ ավելին։ Ոչ մի համակարգային փոփոխությունների մասին խոսք գնալ չի կարող, ընդհակառակը ՝ դա հետքայլ է՝ այսինքն դեգրադացիա։

Կցանկանայի ընդգծել, որ այն, ինչ մենք տեսնում ենք այսօր Սահմանադրական դատարանի և, ընդհանուր առմամբ, դատարանների հետ կապված՝ ճանապարհ է դեպի դեգրադացում, ինչպես հասարակության, այնպես էլ պետության համար։

-Ձեր կարծիքով, ո՞րն է ելքը ստեղծված իրավիճակից։

-Ես, ի տարբերություն իմ շատ գործընկերների, անհապաղ իշխանափոխության կոչ չեմ անում։

Հասարակությունն իր հասունությունը կապացուցի այն ժամանակ, երբ կկարողանա հասնել նրան, որ իշխանությունները պոպուլիզմից հեռու ճիշտ, հստակեցված քայլերի գնան։ Դրա համար էլ ես կոչ եմ անում հասարակության ողջ գիտակից հատվածին մոբիլիզացվել ու դադարեցնել դեգրադացիայի գործընթացը:

-Հայաստանում կոշտ ավտորիտար իշխանության հաստատման վտանգ չեք տեսնու՞մ:

— Այդպիսի վտանգ կա։ Խոսքը իրականում տոտալիտար իշխանության մասին չէ, այսօր հասարակության վրա տոտալ ազդեցություն ունենալ հնարավոր չէ, մենք այդ առումով առաջ ենք գնացել, և պետք չէ խոսել տոտալիտար իշխանության վերադարձի մասին։ Բայց ավտորիտարիզմի, այո, նշաններն արդեն ակնհայտ են։

Հիշեցնեմ, որ նախկին իշխանությունները բնութագրվում էին որպես մեղմ ավտորիտար իշխանություն։ Վախենում եմ, որ ներկայիս իշխանությունը ցանկանում է սրբագրել այդ փափուկ ավտորիտարիզմը և այն վերածել կոշտ ավտորիտար իշխանության։ Դա մեզ ոչ մի տեղ չի տանի, դա ճանապարհ է դեպի դեգրադացում։ Դրա համար էլ ես աջակցում եմ Վազգեն Մանուկյանի հայտարարությանը, այնտեղ հստակ ձևակերպված է այն միտքը, որ մեզ մոտ այդպես էլ ապագայի տեսլական չի ձևավորվել, ապագայի գաղափարախոսություն չկա, որը կկարողանա համախմբել հասարակությունը դրական նպատակների շուրջ։ Փոխարենը իշխանությունը շարունակում է հասարակության մի հատվածին համախմբել նախկին իշխանությանը քննադատելու, ատելության շուրջ՝ խարխլելով ժողովրդավարական ինստիտուտների հիմքերը։ Քաղաքական գործընթացներ ես այստեղ չեմ տեսնում, ամեն ինչ կառուցվում է մեկ անձի շուրջ։

-Այսօր Հայաստանում արդյո՞ք կա իրական ընդդիմություն:

— Ինչ վերաբերում է խորհրդարանական ընդդիմությանը, ապա ակնհայտ է, որ խորհրդարանը, որը ընտրվել էր պոպուլիզմի գագաթնակետին, չի կարող ընդդիմություն ունենալ։ Որոշ առանձին գործընթացներին դիմակայելու փորձեր կան իհարկե, բայց իրական ընդդիմությունը խորհրդարանից դուրս է, որը դեռևս սաղմնային վիճակում է։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը հոկտեմբերի 4-ի նիստում կողմ էր քվեարկել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշման նախագծին:

Նախագծին կողմ է քվեարկել 98, դեմ՝ 1 պատգամավոր։

Վերջնական որոշումը Սահմանադրական դատարանը կկայացնի ձայների 2/3-ով։ Գործող օրենսդրության համաձայն՝ ՍԴ-ն պետք է որոշում կայացնի դիմումի գրանցման օրվանից 30 օրվա ընթացքում։ Այդ ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 50 օր՝ ՍԴ հիմնավորված դատավարական որոշման դեպքում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+