Կիպրոսի ափերին Թուրքիայի հորատումների հետևանքով հստակ պատժամիջոցների հետ կապված հարցը կքննարկվի հոկտեմբերի 14-ին Լյուքսեմբուրգում սպասվող Եվրախորհրդի արտգործնախարարների նիստում:
Դա կլինի ԵՄ-ի պատժամիջոցների հերթական փուլն Անկարայի նկատմամբ:Բրյուսելն ավելի վաղ հայտարարել էր Թուրքիայի նկատմամբ որոշ սահմանափակող միջոցառումների կիրառման մասին. մասնավորապես կրճատել էր Թուրքիային` որպես ԵՄ թեկնածուի տրվող ֆինանսական օգնության ծավալները և դադարեցրել շփումը բարձր մակարդակով:
Ինչպես նշում են ԶԼՄ-ները, ներկա խնդիրն ունի հետևյալ տեսքը. Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտում հայտնաբերվել են բնական գազի հանքավայրեր: 2011թ. ամերիկյան Noble Energy ընկերությունը հայտնաբերել է «Աֆրոդիտա» հանքավայրը, որի պաշարները գնահատվում են շուրջ 140 մլրդ խմ:
Չճանաչելով Կիպրոսի Հանրապետությունը` Անկարան վիճարկում է նրա բացառիկ տնտեսական գոտու սահմանները և հայտարարում, որ չի թույլատրի հորատումների իրականացումը կղզու ափերին առանց թուրք-կիպրական համայնքի թույլտվության: Ավելին, հորատում իրականացնող նավերը գտնվում են Թուրքիայի Ռազմածովային ուժերի հսկողության ներքո:
Ակնհայտ է, որ Կիպրոսի շուրջ ծավալվում է նոր լարվածություն, որի մեղավորը Թուրքիան է:
Կիպրական հակամարտությունն ունի երկար պատմություն: 1960-ական թթ., ձեռք բերելով անկախություն Մեծ Բրիտանիայից, ձևավորվում է Կիպրոսի Հանրապետությունը (2004թ. դարձել է ԵՄ անդամ), իսկ 1974թ. թուրքական զինված ուժերի ներխուժման արդունքում ձևավորվում է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, որն զբաղեցնում է կղզու տարածքի շուրջ 35%-ը: Այն ճանաչվել է միայն Թուրքիայի կողմից: Բաժանարար գծում արդեն 45 տարի է` տեղակայված են ՄԱԿ-ի խաղաղարար զորախմբեր:
Թուրքիան ներկայումս շարունակում է հակամարտային քաղաքականությունը Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու նկատմամբ` չթաքցնելով իր ագրեսիվ վերաբերմունքը Կիպրոսի նկատմամբ:
Հակամարտությունը հեռու է լուծման տարբերակից: Թուրքիան նման դեպքում իր հարևանների համար անկայունության լրջագույն օջախ է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







