Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությամբ երկրի նոր վարչապետ է նշանակվել Ալի Ասադովը։ Այդ պաշտոնում նա փոխարինել է Նովրուզ Մամեդովին։
Վերջինս կառավարության ղեկավարի պաշտոնում մնացել է ընդամենը մեկուկես տարի։ Տեղի դիտորդները պնդում են, որ 72-ամյա Մամեդովը չի կարողացել հաղթահարել պետության ղեկավարի կողմից իր առջև դրված խնդիրները: Մասնավորապես, Ադրբեջանում տնտեսական բարեփոխումների կազմակերպումը վերջին շրջանում այդքան էլ արդյունավետ չէ իրականացվել. նրան չհաջողվեց հասնել ՀՆԱ-ի անհրաժեշտ մակարդակին։ Ընդհանուր առմամբ, կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացման հարցում լուրջ խնդիրներ կան։
Ի դեպ, մասնագիտությամբ նախկին վարչապետը հեռու էր տնտեսական հարցերից։ Մամեդովը ֆրանսերենի մասնագետ է, Հեյդար և Իլհամ Ալիևների օրոք նա երկար տարիներ աշխատել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ, ապա՝ նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական։
Ի տարբերություն նրա, 62-ամյա Ալի Ասադովը Մոսկվայի Ժողովրդական տնտեսության ինստիտուտն ավարտելուց հետո, ամբողջ կյանքը զբաղվել է տնտեսագիտությամբ։ 1998 թվականից նախագահի աշխատակազմում ղեկավարում էր տնտեսական բլոկը։ Վերջին 7 տարիներին նա նաև նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր։
Ըստ ամենայնի, Ասադովի հիմնական խնդիրը կդառնա տնտեսության «ոչ նավթային» հատվածի զարգացումը, որպեսզի նվազեցնի երկրի տնտեսության կախվածությունը ածխաջրածինների համաշխարհային գների տատանումներից: Հենց «ոչ նավթային» տնտեսության շրջանակներում եղած մի շարք նախագծերով է նա մինչ օրս զբաղվել։
Ալիևների ընտանիքի կառավարման ավտորիտար ռեժիմի պայմաններում Ադրբեջանի վարչապետի պաշտոնը շատ առումներով տեխնիկական է։ Հատկապես 2016-ի սեպտեմբերին կայացած սահմանադրական հանրաքվեից և երկրի առաջին փոխնախագահի՝ նշանակությամբ երկրորդ պետական պաշտոնի ներդրումից հետո։ Ինչպես նշում են Բաքվի դիտորդները, այդ պաշտոնը զբաղեցնող Մեհրիբան Ալիևան դե ֆակտո վերահսկում է կառավարությունում բոլոր նշանակալի սոցիալական և հումանիտար նախագծերի իրականացումը: Եվ ընդհանրապես, նախագահի կինը ինչպես դե յուրե, այնպես էլ դե ֆակտո իշխանության մեջ երկրորդ քաղաքական կերպարն է։
Այլ հարց է, որ որոշակի հանգամանքներում Մեհրիբան Ալիևան կարող է հավակնել նաև պետության ղեկավարի պաշտոնին։ Հենց նման հեռանկարով են շատերը բացատրում նրա ներկայիս կարգավիճակը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







