Թբիլիսիում կայացել է Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը: Սկսած 2012թ-ից այն թվով ութերորդն է:
Դավիդ Զալկալիանին, Էլմար Մամեդյարովը և Մեվլյուտ Չավուշօղլուն, մասնավորապես, քննարկել են տարածաշրջանային օրակարգի, երեք երկրների միջև համագործակցության, ինչպես նաև համատեղ տրանսպորտային և էներգետիկ նախագծերին վերաբերող հարցեր:
Թբիլիսյան ռանդևուի ավարտին Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հաստատել են, որ «կողմերը հակված են համագործակցության ընդլայնմանը` հիմնված ռազմավարական գործընկերության, բարիդրացիական հարաբերությունների, փոխադարձ հարգանքի և վստահության վրա»:
Այն փաստը, որ Թբիլիսին, Բաքուն և Անկարան նախաձեռնում են հերթական քայլը եռակողմ հարաբերությունների զարգացման համար, զարմանալի չէ, քանի որ նրանք կառուցում են իրենց անվտանգային քաղաքականությունը` հաշվի առնելով Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական իրողությունները:
Հայտնի է, որ այս տարածաշրջանը աշխարհի ամենաբարդ տարածաշրջաններից մեկն է և գտնվում է համաշխարհային կենտրոնների ուշադրության նշանակետում: Այդ պատճառով էլ Վրաստանը, Ադրբեջանը և Թուրքիան ձգտում են պահպանել կայուն հարաբերություններ մեկը մյուսի հետ, որպեսզի չհայտնվեն հնարավոր աշխարհաքաղաքական ցնցումների էպիկենտրոնում:
Նման մոտեցումը լիովին բնական է` հաշվի առնելով այդ պետությունների տարբեր աշխարհաքաղաքական վեկտորները: Վրաստանը վարում է Ռուսաստանից հեռանալու և ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ մերձենալու քաղաքականություն, Թուրքիան, ընդհակառակը, խորացնում է կապերը Ռուսաստանի հետ` ՆԱՏՕ-ից և ԵՄ-ից ունեցած կախվածությունը նվազեցնելու հաշվին: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այս երկիրը մինչև վերջին ժամանակները փորձում էր հավասարակշռել Արևմուտքի և Ռուսաստանի միջև: Սակայն վերջին շրջանում նախապատվությունը տալիս է Մոսկվային` նկատի ունենալով նրա դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում և առհասարակ նրա վճռորոշ դերը Հարավային Կովկասում:
Վրաց-թուրք-ադրբեջանական համագործակցության ընդլայնման գործում պակաս կարևոր չեն նաև տնտեսական շահերը: Մասնավորապես խոսքը գնում է համատեղ ռազմավարական տրանսպորտային և էներգետիկ նախագծերի մասին. հենց այս երկրների տարածքով են անցնում միջազգային տարանցիկ ուղիները:
Այնուամենայնիվ Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի համագործակցությունը չի կարող հանգեցնել տարածաշրջանի կայունացման, քանի որ նման ձևաչափում բացակայում է իրենց ընդհանուր հարևանը` Հայաստանը: Բաքվի և Անկարայի ակնհայտ թշնամական քաղաքականությունը Երևանի նկատմամբ էլ ավելի է խորացնում բաժանարար գծերը Հարավային Կովկասում` հարցականի տակ դնելով վերջինի անվտանգությունը: Հենց նման իրավիճակն է Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմավարական միության ընդլայնման հիմնական պատճառներից մեկը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







