Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետություն — Եվրոպական Միություն Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի երկրորդ նիստը: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Հայկական կողմից նիստը համանախագահել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, եվրոպական կողմից` Եվրոպական հանձնաժողովի Առևտրի գլխավոր տնօրինության բաժնի վարիչ Պետրոս Սուրմելիսը:
Նիստի ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի առևտուր և առևտրին առնչվող հարցերի մասի ներքո համագործակցության շրջանակներում իրականացվելիք միջոցառումները՝ ճանապարհային քարտեզները, ապրանքների առևտրի, մաքսային ոլորտի, առևտրի տեխնիկական խոչընդոտների, սանիտարական և բուսասանիտարական միջոցառումների, ծառայությունների առևտրի, էլեկտրոնային առևտրի, ընթացիկ վճարումների և կապիտալի տեղաշարժի, մտավոր սեփականության, պետական գնումների, առևտուր և կայուն զարգացման, մրցակցության, պետական ձեռնարկությունների և թափանցիկության ոլորտներում:
Օրակարգում ներառված էին նաև առևտրի և ներդրումների ոլորտում առկա զարգացումներին, «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմի շրջանակներում ԵՄ կողմից իրականացվող դիտանցմանը, ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման նոր հնարավորություններին, ԱՀԿ շրջանակներում համագործակցությանն ու ընթացող բանակցային գործընթացին առնչվող հարցեր, ինչպես նաև երկկողմ համագործակցությանն առնչվող այլ հարցեր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







