Այս տարվա սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ ՀՀ-ում հիփոթեքային վարկերի թիվն աճել է 23.3 տոկոսով, կամ՝ 7261 հատ վարկով: Այս մասին գրում է Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում։
Վարչապետը մեկնաբանում է, որ համաձայն այս ցուցանիշի՝ 7261 ընտանիք սեպտեմբերից-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում բնակարանի տեր է դարձել՝ հավելելով, որ այս միջակայքում դեռևս չէր գործարկվել զինվորականներին մատչելի բնակարանով ապահովելու ծրագիրը: Այսինքն, ըստ վարչապետի, այս ծրագրի մեկնարկը կխթանի վերոնշյալ ցուցանիշի աճը։
Նիկոլ Փաշինյանը նշում է նաև, որ «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի վարկերն աճել են 24.9 տոկոսով, որի շահառուներին հիփոթեքային վարկերը հասանելի են Երեւանում և 5 մարզերում 3 տոկոսից ցածր տոկոսադրույքով:
Վարչապետը շեշտում է նաև, որ «Ազգային հիփոթեքային ընկերություն»-ում ներկայում նկատվում է հիփոթեքային վարկերի վաղաժամկետ մարումների էական աճ, ինչը նա մեկնաբանում է հետևյալ կերպ․
«Սա նշանակում է, որ մարդիկ ոչ միայն վարկ են վերցնում, այլեւ փող են աշխատում եւ վաղաժամկետ ազատվում հիփոթեքային վարկի բեռից»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







