Սեպտեմբերի 24-ին Կոմիտաս-150 հոբելյանական տարվա շրջանակներում Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Հայ երիտասարդաց միության «Կոմիտաս» երգչախմբի համերգը:
Մինչ այդ երգչախումբը մենահամերգներով հանդես է եկել Երևանում` սեպտեմբերի 18-ին, Վանաձորում` սեպտեմբերի 20-ին: Արցախյան համերգի կայացմանն օժանդակել են «Նաիրի» համահայկական հիմնադրամը և Հայաստանի երաժշտական ընկերությունը:
Կալիֆորնիայի նահանգի Հայ երիտասարդաց միությունը հիմնվել է 1991թ., իսկ «Կոմիտաս» երգչախումբը՝ 2007թ.: Կազմակերպությունն ունի 400 անդամ, իսկ երգչախմբի անդամների թիվը հասնում է 45-ի:
ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ողջունելով երգչախմբի ելույթն Արցախում, ընդգծել է երգի, մշակույթի դերը հայի հոգեկերտվածքի ձևավորման գործում: Նախարարը շնորհակալագրերով պարգևատրել է «Կոմիտաս» երգչախմբին և «Նաիրի» համահայկական հիմնադրամի նախագահ Սամվել Հարոյանին:
Սեպտեմբերի 26-ին լրանում է երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասի 150-ամյակը: Լեռնիկ Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ Կոմիտասյան օրերի շրջանակներում սեպտեմբերի 30-հոկտեմբերի 1-ը ՀՀ բոլոր պետական երգչախմբերը կայցելեն Արցախ և համերգներով հանդես կգան ոչ միայն Ստեփանակերտում, այլև Գանձասարում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



