Արցախի հերոս, ԱՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հոկտեմբերի 15-ին Ստեփանակերտում հրավիրել էր մամուլի ասուլիս, որի ժամանակ խոսել է Հայաստանում, Արցախում և մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Ասուլիսի ընթացքում Վիտալի Բալասանյանը մանրամասն անդրադարձել է Աղդամի ազատագրման օպերացիային՝ հայտարարելով, որ ՀՀ այն ժամանակվա իշխանությունը՝ ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի, դեմ է արտահայտվել: Նա տեղեկացրել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչն անձամբ է հրահանգել հեռու մնալ այդ օպերացիայից, իսկ ինքը չի կատարել հրամանը:
Խոսելով սոցիալական ցանցերում իր հասցեին հնչած վիրավորական գրառումների մասին՝ Բալասանյանն ասել է, որ որևէ մեկը կոնկրետ հակափաստարկ չի բերել իր ասածներին, միայն վիրավորանքներ են հնչել. «ավելի լավ է ինձ դատեն, նստեցնեն, քան հայհոյանքներ հնչեցնեն»:
Նա խոսել է նաև հասարակության մեջ օրինակելի կերպարների անհրաժեշտության մասին.
«Իմ թոռներն արդեն իսկ ընտրել են իրենց ապագա մասնագիտությունները, մեկն ուզում է գեներալ դառնալ, մեկն՝ իրավաբան, մեկը՝ բժիշկ, ու պետք է գտնեն այդ գեներալի կերպարը, հիմա իմ կերպարը չեն ուզում արդեն, որովհետև սոցցանցերում իմ թոռնիկները կարդում են ու ասում են՝ այս գեներալը գեներալ չէ։ Հիմա ցույց տվեք այդ կերպարները, այդ մարդկանց, որպեսզի իմ հինգ թոռնիկներն առաջնորդվեն դրանով ու կերտեն իրենց ապագան»,-ասել է Վ. Բալասանյանը։
Վիտալի Բալասանյանը նշել է նաև, որ Արցախը միշտ հայկական է լինելու՝ նվազագույնը այս տարածքով: «Այսօր ունենք անկախ պետականություն, 150.000 բնակչություն, 12.000 քառ կմ տարածք, ունենք Սահմանադրություն, բոլոր պետական ինստիտուտները, Արցախը երկրորդ հայկական հանրապետությունն է, Արցախի հարցը համայն հայության որոշելիքն է»,- ասել է Վ. Բալասանյանը:
Բալասանյանը մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է նաև տեղական և ՀՀ լրատվամիջոցների բազմաթիվ հարցադրումներին՝ ԱՀ նախագահի պաշտոնում իր առաջադրման, ՀՀ իշխանությունների, Սերժ Սարգսյանի և Արթուր Վանեցյանի հետ հարաբերությունների և այլ հարցերի մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







