Armenia Today-ի թղթակիցը դիմել է «Պրոմտեխնոլոգիա» ՍՊԸ-ի (ORSIS ապրանքանիշ) զինամթերքի գործարանի ներկայացուցիչներին՝ խնդրելով մեկնաբանել ընկերության ներկայացուցիչների՝ ՀՀ պաշտպանության նախարարության համար զենքի խմբաքանակի մատակարարման չկայացած պայմանագրի վերաբերյալ այսօրվա հայտարարությունը:
Այսօր առավոտյան «ՏԱՍՍ» կայքէջում հրապարակվել է մի նյութ, որի համաձայն ռուսական ORSIS ընկերության ներկայացուցիչը գործակալությանը հայտնել է, որ «ընկերությունը Հայաստանի պաշտպանության նախարարությունից ոչ պաշտոնական առաջարկներ է ստացել կարգավորելու այդ գերատեսչության համար զենքի խմբաքանակի մատակարարման չկայացած պայմանագրի հարցերը: Նաև փորձ է արվել Հայաստանի պաշտպանության նախարարությանը իբր մոտ կանգնած անձանց կողմից ոչ պաշտոնական ձևով դիմել ընկերությանը»։ «Կարծում ենք, որ տվյալ դեպքում դա կոռեկտ չէ և անթույլատրելի է, երկխոսությունը պետք է լինի պաշտոնական», — «ՏԱՍՍ»-ին հայտնել է ընկերության ներկայացուցիչը:
Ըստ հրապարակման՝ ընկերությունը ՀՀ պաշտպանության նախարարին է ուղարկել մի քանի պաշտոնական նամակ՝ հանդիպելու խնդրանքով, սակայն ոչ մի պաշտոնական պատասխան չի ստացել ։
Armenia Today-ի հարցմանն ի պատասխան ORSIS ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ նամակները ուղարկվել են ՀՀ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Աբրահամյանին և ՀՀ պաշտպանական գերատեսչության հիմնական հասցեին:
Armenia Today-ի թղթակցին չեն հստակեցրել, թե ով է կապվել ՀՀ պաշտպանության նախարարության անունից ընկերության հետ վիճահարույց հարցը ոչ պաշտոնական մակարդակով լուծելու նպատակով, սակայն նշել են, որ այդ անձանց մասին տեղեկատվությունը փոխանցվել է Հայաստանի համապատասխան մարմիններին:
Ի պատասխան Armenia Today – ի այն հարցին, թե պատրաստվում է արդյոք ORSIS – ը հայցադիմում ներկայացնել դատարան, ընկերության ներկայացուցիչը պատասխանել է, որ դա կախված է իրավիճակի հետագա զարգացումից՝ հույս հայտնելով, որ գործը դատական կարգով չի հասնի վեճի կարգավորմանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







