ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Մարկուեյն Մալինը ժամանել է Բաքու, որտեղ նոյեմբերի 22-ին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Մալինը կարևորել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծը՝ նշելով, որ դրա լիարժեք գործարկումը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների զարգացմանն ու տնտեսական և առևտրային կապերի ամրապնդմանը։
ԱՄՆ նախարարը ողջունել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացը՝ ընդգծելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը։
TRIPP-ը նախատեսում է Հայաստանի Սյունիքի մարզով տրանսպորտային երթուղու ստեղծում՝ Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանին կապելու համար։ Նախագծի շուրջ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, որտեղ Հայաստանն ու Ադրբեջանը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագիրը։ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև TRIPP-ի շրջանակային համաձայնագիրն Ազգային ժողովը հոկտեմբերի 28-ին վավերացրել էր։
Նոյեմբերի 6-ին Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը գործարկել էին նախագծի տեխնիկական պլանավորման աշխատանքային խմբերը, իսկ նոյեմբերի 19-ին ՀՀ կառավարությունը որոշել էր սկսել երթուղու տարածքի մաքրման նախապատրաստական աշխատանքները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 21-ին հայտարարել էր, որ նոյեմբերի 22-ին պաշտոնապես կազդարարվի TRIPP ծրագրի մեկնարկը։ Նրա խոսքով՝ ծրագրի կարևոր բաղադրիչներից է էլեկտրաէներգիայի տարանցումը, և Հայաստանը նախատեսում է իր էլեկտրաէներգետիկ ցանցը միացնել Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







