Հայազգի ամերիկաբնակ կոմպոզիտոր Մերի Կույումջյանի Paper Pianos («Թղթե դաշնամուրներ») ստեղծագործությունն առաջադրվել է «Գրեմմի» երաժշտական մրցանակի՝ «Կամերային երաժշտության կամ փոքր անսամբլի լավագույն կատարում» անվանակարգում, հայտնել է մրցանակաբաշխության կազմակերպիչ Recording Academy-ն։
Ստեղծագործությունն առաջադրվել է Alarm Will Sound անսամբլի և դիրիժոր Ալան Փիրսոնի կատարմամբ։
Paper Pianos-ը վավերագրական և երաժշտական բազմամեդիա ստեղծագործություն է, որի հիմքում փախստականների իրական պատմություններն են։ Ստեղծագործության անվանումը կապված է աֆղան դաշնակահար Միլադ Յուսուֆիի պատմության հետ։ Թալիբների իշխանության օրոք երաժշտական գործիքից օգտվելու հնարավորություն չունենալով՝ նա դաշնամուրի ստեղները նկարել է թղթի վրա և այդպես սովորել նվագել։
Ստեղծագործությունը 2024 թվականին ընդգրկվել էր երաժշտության ոլորտում Պուլիտցերյան մրցանակի եզրափակիչ փուլ անցած աշխատանքների ցանկում։
Սա Կույումջյանի կարիերայի ընթացքում «Գրեմմիի» երկրորդ առաջադրումն է։ Նախկինում նա առաջադրվել էր «Լավագույն օպերային ձայնագրություն» անվանակարգում՝ կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի ֆիլմից ոգեշնչված Adoratio կամերային օպերայի համար։
«Գրեմմիի» 69-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2027 թվականի փետրվարի 7-ին՝ Լոս Անջելեսում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







