Բելգիացի պրանկերներ Նիլ Ռեմերին և Սենե Հավերբեկեն Լուվրի թանգարան են տարել ու «Մոնա Լիզա» սրահում սեփական պատկերով դիմանկար տեղադրել: Դա տեղի է ունեցել թանգարանի աղմկահարույց կողոպուտից մի քանի շաբաթ անց, հայտնում է RBC-ն:
Պրանկերներն ընտրել են Լուվրի 711-րդ սրահը, որը հայտնի է նաև որպես «Ջոկոնդայի սրահ»: Բացի «Մոնա Լիզայից», այստեղ ցուցադրվում են Վերոնեզեի, Տիցիանի և 16-րդ դարի վենետիկյան այլ նկարիչների կտավներ։ Իտալական գեղանկարչության ոճով երկու պրանկերին պատկերող նկարը պատին հայտնվել է առանց անվտանգության աշխատակիցների և թանգարանի պահապանների միջամտության։
Թանգարանի կանոնները խստիվ արգելում են ցանկացած արվեստի գործ և հնաոճ իրեր տանել: Լուվրի մուտքի մոտ յուրաքանչյուր այցելու զննում է անցնում մետաղական դետեկտորներով, իսկ անվտանգության աշխատակիցներն ստուգում են պայուսակների և ուսապարկերի պարունակությունը: Սակայն պրանկերներին հաջողվել է խուսափել անվտանգության ծառայության հարցերից։ Նկարի շրջանակը նրանք հավաքել են Lego-ից, իսկ պատկերը պարզապես թանգարան են բերել ծալված տեսքով։
Բելգիացի պրանկերների արարքն ուշադրություն է գրավել թանգարանի անվտանգության խնդիրների քննարկման ֆոնին։
Թանգարանը թալանել էին հոկտեմբերի 19-ի առավոտյան։ Կասկածյալները մտել էին Ապոլլոնի պատկերասրահ, որտեղ պահվում են Ֆրանսիայի թագավորական գանձերի թանկարժեք զարդեր։






































