Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովն իր ձերբակալությունը, որը տեղի էր ունեցել մեկ տարի առաջ, անվանել է ֆրանսիական ոստիկանության կողմից կատարված սխալ, հայտնել է ՏԱՍՍ-ը։
«Հեգնանքն այն է, որ ես ձերբակալվել եմ ֆրանսիական ոստիկանության կողմից կատարված սխալի պատճառով. մինչև 2024 թվականի օգոստոս նրանք անտեսել են ֆրանսիական և ԵՄ օրենքները, և իրենց հարցումները չեն ուղարկել Telegram-ին անհրաժեշտ իրավական ընթացակարգով»,- Telegram-ում գրել է նա։
Դուրովն ընդգծել է, որ մեկ տարի անց իր դեմ հետաքննությունը չի կարողացել բացահայտել իր և Telegram-ի մեղքը։
«Մեր պրակտիկան համապատասխանում է արդյունաբերական չափանիշներին, և Telegram-ը միշտ արձագանքել է Ֆրանսիայից ստացված բոլոր իրավաբանորեն պարտադիր հարցումներին»,- պարզաբանել է նա։
Դուրովի խոսքով՝ իր ձերբակալության միակ արդյունքը Ֆրանսիայի՝ որպես ազատ երկրի կերպարին հասցված վնասն է։ Նա նաև ասել է, որ ձերբակալությունից մեկ տարի անց ստիպված է յուրաքանչյուր 14 օրը մեկ վերադառնալ Ֆրանսիա, մինչդեռ բողոքարկման ամսաթիվը դեռևս նշանակված չէ։
Telegram-ի համահիմնադիրը 2024-ին ձերբակալվել էր Փարիզի օդանավակայանում, որտեղ նա ժամանել էր Բաքվից՝ մասնավոր ինքնաթիռով: Դուրովը 2021 թվականից Ֆրանսիայի քաղաքացի է։ Նրան մեղադրանք էր առաջադրվել, սակայն գրավի դիմաց ազատ էր արձակվել: Դուրովին մեղադրում են «կազմակերպված խմբի կազմում անչափահասների պոռնոգրաֆիկ պատկերներ պահելու, տարածելու, առաջարկելու կամ տրամադրելու օժանդակության» մեջ, որի համար նախատեսվում է ազատազրկում՝ մինչև 20 տարի ժամկետով։ Նրա ձերբակալությունը չի ազդել հավելվածի գործունեության վրա: Հուլիսի 28-ին ավարտվել էր Դուրովի հարցաքննությունը։





































