Արաբական հինգ երկրի արտաքին գործերի նախարարները մերժել են «ցանկացած պարագայում» իրենց տարածքներից պաղեստինցիների վերաբնակեցման հնարավորությունը, հաղորդում է Reuters-ը:
Եգիպտոսի, Հորդանանի, Սաուդյան Արաբիայի, Քաթարի, Արաբական Միացյալ Էմիրությունների ԱԳ նախարարները, ինչպես նաև Պաղեստինի ազգային վարչակազմի և արաբական պետությունների լիգայի ներկայացուցիչները Կահիրեում կայացած հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարությամբ նշել են, որ նման քայլը կվտանգի տարածաշրջանի կայունությունը, կհանգեցնի հակամարտության տարածմանը և կխաթարի խաղաղության հեռանկարները:
Գործակալությունը նշում է, որ այդպիսով արաբական երկրները հանդես են եկել միասնական դիրքորոշմամբ՝ ընդդեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, որը Եգիպտոսին և Հորդանանին կոչ էր արել ընդունել Գազայի հատվածի բնակիչներին: Նրանք հայտարարել են, որ մերժում են կոչը։
ԱԳ նախարարները նաև հավելել են, որ հույս ունեն համագործակցել Թրամփի վարչակազմի հետ՝ «երկու պետությունների մասին որոշման հիման վրա Մերձավոր Արևելքում արդար և համապարփակ խաղաղության հասնելու համար»: