Իրանի զինված ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին՝ ի պատասխան Սիրիկ և Քեշմ կղզիների վրա կատարված հարձակման, մինչդեռ ամերիկյան կողմը հայտարարել է իրանական բալիստիկ հրթիռների որսման մասին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ)։
Իր հերթին՝ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ ամերիկյան զինվորականները որսացել են Իրանի կողմից Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ արձակված մի քանի բալիստիկ հրթիռ։
«Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ այն բանից ժամեր անց, երբ CENTCOM-ը խոցել էր Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական 4 անօդաչու թռչող սարք։ Նախնական գնահատականներով՝ Իրանի արձակած հրթիռներից 6-ը որսացել են, իսկ 7-րդը չի հասել նպատակակետին»,- ասված է հրամանատարության հայտարարության մեջ։
Ամերիկյան կողմը նշել է, որ զինվորականների շրջանում տուժածներ չկան, իսկ Բահրեյնում ԱՄՆ ռազմածովային ուժերի Հինգերորդ նավատորմի շտաբին վնաս չի հասցվել։
ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին։ Մայիսի 28-ին Axios-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները պատրաստել են փոխըմբռնման հուշագրի նախագիծ, որը նախատեսում է զինված հակամարտության ավարտ և միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների մեկնարկ։ Համաձայնագրի նախագծով նախատեսվում է հրադադարի երկարաձգում, Հորմուզի նեղուցի վերաբացում և հետագա բանակցությունների շարունակություն։





































