Նախորդ գիշեր Ազովի ծովի Տագանրոգի ծոցում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակման է ենթարկվել օտարերկրյա 2 բեռնատար նավ, որոնց անձնակազմերում, ընդհանուր առմամբ, Ադրբեջանի 25 քաղաքացի կար, որոնցից 5-ը մահացել են, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն՝ պատասխանելով Ադրբեջանի քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ լրատվամիջոցների հարցմանը, մանրամասնել է, որ հարձակման ենթարկված նավերը չեն պատկանում Ադրբեջանին։
Ռուսական կողմի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ հարձակման հետևանքով զոհվել է Ադրբեջանի 5 քաղաքացի, ևս 3-ն ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Վիրավորները հոսպիտալացվել են Ռուսաստանի Եյսկ քաղաքի հիվանդանոց։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ներկայումս համակարգում է աշխատանքները երկրի համապատասխան պետական կառույցների, Ռուսաստանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունների և շահագրգիռ երկրների իրավասու մարմինների հետ։
Գերատեսչությունից հայտնել են, որ Ադրբեջանի քաղաքացիների առողջական վիճակին, հայրենիք վերադարձին և անհրաժեշտ հյուպատոսական աջակցության տրամադրմանը վերաբերող հարցերը գտնվում են մշտական վերահսկողության ներքո։
Ադրբեջանի ԱԳՆ-ն խորին ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին ու հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին։ Հունիսի 5-ի գիշերը Տագանրոգի ծոցում անօդաչու թռչող սարքերի հարձակման են ենթարկվել Natra և Zirkon բեռնատար նավերը։





































