Լիբանանի հարավում իսրայելական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով լիբանանյան բանակի բրիգադային գեներալ և նրան ուղեկցող մի քանի զինծառայող է զոհվել, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ըստ տեղեկության՝ միջադեպը տեղի է ունեցել Նաբաթիա հարավային նահանգի Հարդալի-Ջերմակ ավտոճանապարհին։ Բանակի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ռազմական մեքենային հասցված հրթիռային հարվածի հետևանքով սպանվել է մեկ սպա և մի քանի զինվոր։
Լիբանանյան բանակի հրամանատարությունը դատապարտել է հարձակումը, որը հանգեցրել է զինծառայողների մահվան և շարունակվող ագրեսիան Լիբանանի ու նրա ժողովրդի դեմ։
Մարտի 2-ին ռազմական էսկալացիայի սկսվելուց ի վեր երկրի հարավում անօդաչուների հարվածների և հրետակոծությունների հետևանքով զոհվել է 19 զինվորական, 8-ն ստացել են վնասվածքներ։
Իսրայելի և «Հըզբոլլահ»-ի միջև հակամարտությունը սրվել էր փետրվարի վերջին Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել համատեղ ռազմական գործողության մեկնարկից հետո։ Ապրիլի կեսերին ԱՄՆ միջնորդությամբ Վաշինգտոնում կայացել էին Իսրայելի և Լիբանանի դեսպանների նախնական խորհրդակցությունները, որոնք վերջին 30 տարվա ընթացքում երկու երկրների ներկայացուցիչների առաջին ուղիղ բանակցություններն էին՝ ուղղված հակամարտության կարգավորման քայլերի քննարկմանը։ Մայիսի 15-ին Վաշինգտոնը հայտարարել էր, որ Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը կերկարաձգվի 45 օրով։





































