ՀՀ գլխավոր դատախազությունը «Մարտի 1»-ի գործով քրեական հետապնդում է սկսել Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, 2017 թվականին մահացած Գորիկ Հակոբյանի նկատմամբ պաշտոնական կեղծիքի և ենթակա աշխատակիցների միջոցով պաշտոնական կեղծիք կազմակերպելու մեղադրանքով, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Դատախազությունում հիշեցրել են, որ նա Հայաստանի ԱԱԾ-ն ղեկավարել է 2004 թվականի նոյեմբերի 8-ից մինչև 2016 թվականի փետրվարի 11-ը։
Ըստ քննության տվյալների՝ 2008 թվականի մարտի 1-ին ԱԱԾ նախկին տնօրենը, ենթակաների օժանդակությամբ, կազմել և գաղտնի փոստով ՀՀ ոստիկանության պետին է հղել նույն թվականի փետրվարի 28-ով թվագրված նամակ, որը, դատախազության պնդմամբ, ակնհայտ կեղծ տեղեկություններ է պարունակել։ Փաստաթղթում նշվել է, թե «Ազատության» հրապարակում նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների հավաքներն ուղղված էին իրավիճակի ապակայունացմանը, ինչպես նաև տեղեկություններ են ներառվել ցուցարարներին հնարավոր զենք, պայթուցիկ նյութեր, մետաղյա ձողեր ու մահակներ բաժանելու վերաբերյալ։
Քննությունը հիմնավորված է համարում, որ նամակն օգտագործվել է ոստիկանության կողմից ուժի և հատուկ միջոցների կիրառման հիմնավորման համար՝ օրինական հիմքերի բացակայության դեպքում։
Դատախազությունը նշում է, որ Հակոբյանը հանձնարարել է ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի նախկին տեղակալ Տ․Բ․-ին կազմակերպել կեղծ օպերատիվ տեղեկանքների պատրաստումը՝ նամակի կեղծման փաստը թաքցնելու նպատակով։ Արդյունքում՝ պաշտոնական շրջանառության մեջ են դրվել 2008 թվականի փետրվարի 23-ով, 24-ով և 28-ով թվագրված փաստաթղթեր, որոնք պետք է հաստատեին հիշյալ նամակի բովանդակությունը։
Հարուցված քրեական գործի շրջանառությամբ դատախազը քրեական հետապնդում է սկսել նաև Տ․Բ․-ի, ինչպես նաև ԱԱԾ նախկին աշխատակիցներ Ն․Մ․-ի, Ա․Գ․-ի և Ա․Բ․-ի նկատմամբ՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու մեղադրանքով։
Այս գործընթացն առնչվում է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին, երբ նախագահական ընտրություններից հետո, որոնցում հաղթող էր հայտարարվել Սերժ Սարգսյանը, Երևանում սկսվել էին զանգվածային բողոքի ցույցեր։ Ցուցարարների և իրավապահների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվեկ էր տասը մարդ։ Այդ ժամանակահատվածում երկրի նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր։
Քոչարյանի նկատմամբ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով քրեական գործ էր հարուցվել 2018 թվականին՝ հենց այս իրադարձությունների քննության շրջանակներում։ 2021 թվականի ապրիլին քրեական հետապնդումը դադարեցվել էր, երբ Սահմանադրական դատարանը համապատասխան հոդվածը ճանաչել էր Սահմանադրությանը հակասող, ինչից հետո Քոչարյանն ազատ էր արձակվել կալանքից, որտեղ անցկացրել էր շուրջ մեկուկես տարի։ 2024 թվականի սեպտեմբերին, սակայն, մեղադրանքը վերաորակվել էր, ինչը թույլ էր տվել վերսկսել ՀՀ երկրորդ նախագահի դեմ գործի քննությունը։
Հանրային հեռուստաընկերության եթերում հունիսի 4-ին ընթացող նախընտրական բանավեճի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ընտրություններից հետո Հայաստանի նախկին նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Քոչարյանը «պետք է դատապարտվի և երկար ժամկետով ուղարկվի բանտ»։




































