ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանում ընդդիմադիր ուժերի հնարավոր չթույլատրումը խորհրդարանական ընտրություններին կդառնա «հանցագործություն ժողովրդավարության դեմ» և կասկածի տակ կդնի ընտրական գործընթացի լեգիտիմությունը։ Մեկնաբանության տեքստը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։
Մեկնաբանելով «Ուժեղ Հայաստան» դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն ընտրություններից հնարավոր հեռացնելու մասին տեղեկությունները՝ Զախարովան հայտարարել է, որ հանրապետությունում նախընտրական պայքարի փոխարեն, իբր, պայքար է ընթանում «ժողովրդավարական ընթացակարգերի դեմ»։
«Մենք տեսնում ենք Հայաստանի իշխանությունների փորձերը՝ գնալու ժողովրդավարության դեմ ուղղված քայլերի, մասնավորապես՝ ընտրապայքարից հեռացնելու խոշորագույն ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան»-ին, ինչպես նաև, հնարավոր է, «Բարգավաճ Հայաստան»-ին»,- հայտարարել է Զախարովան։
Նրա խոսքով՝ եթե ընդդիմությանն ընտրություններին չթույլատրելու մասին որոշում ընդունվի, Հայաստանի քաղաքացիները կզրկվեն երկրի ապագան ընտրելու իրավունքից, իսկ ընտրությունների լեգիտիմությունը կհայտնվի հարցականի տակ։ Զախարովան նաև հայտարարել է, որ այդ դեպքում միջազգային կառույցները, այդ թվում՝ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը և ԵԽԽՎ-ն, չեն կարող սահմանափակվել «մտահոգություններով» և պետք է արձագանքեն ստեղծված իրավիճակին։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը Հայաստանի իշխանություններին կոչ է արել «ոչ թե խոսքով, այլ գործով» հետևել ժողովրդավարական ընթացակարգերին։
«Հանրապետություն» կուսակցության անդամները դիմում էին հանձնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին դադարեցնելու գրանցումը չեղյալ հայտարարելու պահանջով։ Նման հորդորով հունիսի 4-ի հեռուստաբանավեճի ժամանակ Արամ Սարգսյանին դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ԿԸՀ-ն մերժել էր «Ուժեղ Հայաստանի» գրանցումն անվավեր ճանաչելու մասին դիմումը։




































