ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Disney-ին և ABC-ին կոչ է արել անհապաղ աշխատանքից ազատել հաղորդավար Ջիմի Քիմմելին, որն ԱՄՆ առաջնորդի դեմ մահափորձից կարճ ժամանակ առաջ սկետչում առաջին տիկին Մելանյա Թրամփին անվանել էր «ապագա այրի», գրել է BBC-ն։
Կատակը հնչել էր Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքի ժամանակ տեղի ունեցած կրակոցներից մի քանի օր առաջ, որին մասնակցել էր Թրամփը։
«Ես հասկանում եմ, որ այդքան շատ մարդիկ վրդովված են Քիմմելի բռնության զզվելի կոչից, և նրանք, սովորաբար, չեն արձագանքում նրա խոսքերին, բայց սա անընդունելի է։ Disney-ը և ABC-ն պետք է անհապաղ ազատեն Քիմմելին»,- ասվում է հայտարարության մեջ։
Թրամփի գրառումից կարճ ժամանակ առաջ նրա կինը՝ Մելանյան, արձագանքել էր Քիմմելի՝ X-ում արված կատակին՝ պնդելով, որ հաղորդավարը «թաքնվում է ABC-ի հետևում, քանի որ գիտի, որ հեռուստաընկերությունը կշարունակի քողարկել իրեն»։ Առաջին տիկինը կոչ էր արել ABC-ին «դիրքորոշում ընդունել»։ Նրա կարծիքով՝ Քիմմելի մեկնաբանությունները զվարճալի չեն, այլ ավելի շուտ վնասակար են ԱՄՆ-ի քաղաքական ամբողջականության համար։
Քիմմելն ամերիկացի հեռուստահաղորդավար և կատակերգու է: Նախորդ տարվա սեպտեմբերի 17-ին ABC-ն դադարեցրել էր Jimmy Kimmel Live! հաղորդման հեռարձակումը՝ ամերիկացի աջակողմյան ակտիվիստ Չարլի Քըրքի սպանության վերաբերյալ նրա մեկնաբանություններից հետո: Մի քանի օր անց՝ սեպտեմբերի 23-ին, ABC-ն հայտարարել էր շոուի վերաբացման մասին:
Ապրիլի 23-ին Jimmy Kimmel Live!-ի հաղորդավարը հեռարձակել էր ակնարկ այն մասին, թե ինչպիսին կլիներ Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ամենամյա ընթրիքի լուսաբանումը: Կատակներից մեկում նա առաջին տիկնոջը նկարագրել էր «ճառագող՝ ինչպես ապագա այրի»:
Կրակոցները տեղի էին ունեցել ապրիլի 26-ին: Գաղտնի ծառայության աշխատակիցները բեմից տարհանել էին Թրամփին, Մելանյային և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին: Կրակողը, որը նույնականացվել էր որպես Քոուլ Ալեն, ձերբակալվել էր: CBS News-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է,ր որ ձերբակալությունից հետո նա խոստովանել է, որ ցանկացել է կրակել Թրամփի վարչակազմի պաշտոնյաների վրա:





































