Աֆղանստանի ռազմական ուժերը գործողություններ են սկսել Պակիստանի դեմ Դուրանդ գծի երկայնքով՝ Խոստում, Պակտիայում, Նուրիստանում և մի քանի այլ շրջանում՝ ի պատասխան պակիստանյան հարձակումների, հայտնում է TOLONews-ը՝ հղում անելով Աֆղանստանի պաշտպանության նախարարությանը։
Հեռուստաալիքի աղբյուրների համաձայն՝ աֆղանական ուժերը գրավել են պակիստանյան ութ ռազմական դիրք Նանգարհար նահանգի Ղորատ շրջանում, Կունար նահանգում։
Թալիբանի խոսնակ Զաբիհուլլահ Մուջահիդի խոսքով՝ ռազմական գործողությունն սկսվել է ի պատասխան պակիստանյան ռազմական շրջանակների կողմից կատարված հանցագործությունների և ապստամբությունների։
Երկու օր առաջ TOLOnews-ը՝ հղում անելով Աֆղանստանի Նանգարհար նահանգի տեղեկատվության և մշակույթի վարչության ղեկավար Զաբիհուլլահ Նուրանիին, հաղորդել էր, որ Պակիստանի և Աֆղանստանի միջև սահմանային գոտում տեղի էին ունեցել զինված բախումներ։ Նուրանիի խոսնակի խոսքով՝ պակիստանյան զորքերը կրակ էին բացել Նազիանզ շրջանի Շահ Կոտի տարածքում գտնվող թալիբների ուժերի վրա, որին թալիբները պատասխանել էին։ Բախումները դադարեցվել էին, թալիբ զինյալների շրջանում զոհեր չկային։
Աֆղանստանի կառավարության իրադարձությունների տարբերակը տարբերվում է Պակիստանի տարբերակից: Վարչապետի խոսնակ Մոշարաֆ Զաիդին Rueters-ին ասել էր, որ թալիբներն առաջինն են «անհրաժեշտ կրակ» բացել սահմանի երկայնքով:
Անցած շաբաթ Պակիստանն ավիահարվածներ էր հասցրել Աֆղանստանին: Իսլամաբադը հայտարարել էր, որ ավիահարվածներ էր հասցրել Նանգարհար և Պակտիկա նահանգներում՝ ոչնչացնելով պակիստանցի թալիբների թաքստոցները և սպանելով առնվազն 80 զինյալի սահմանի երկայնքով գտնվող յոթ ճամբարում, հայտնել էր Al Jazeera-ն:
Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ հարվածները հասցվել էին կրոնական դպրոցի և բնակելի շենքերի՝ սպանելով և վիրավորելով տասնյակ մարդկանց, այդ թվում՝ կանանց և երեխաների: Աֆղանստանի աղբյուրներն Al Jazeera-ին հայտնել էին, որ միայն Նանգարհարում սպանվել էր առնվազն 17 մարդ: Քաբուլը խոստացել է «չափավոր և համարժեք պատասխան տալ»:
Աֆղանստանը և Պակիստանը բախումներից հետո համաձայնության էին եկել հրադադարի շուրջ հոկտեմբերի 18-ին՝ Կատարի և Թուրքիայի միջնորդությամբ Դոհայում կայացած բանակցություններից հետո:





































