Պակիստանի և Աֆղանստանի սահմանին բախումները վերսկսվել են, գրում է «ՌԻԱ նովոստի»-ն։
Նշվում է, որ Պակիստանի զորքերը կրակ են բացել՝ ի պատասխան Խայբեր-Պախտունխվա հյուսիսարևմտյան նահանգում գտնվող անցակետերի վրա հարձակման։
«Հրդեհներ են բռնկվել զինյալների դիրքերում, թալիբները նահանջել են՝ թողնելով բազմաթիվ զոհեր»,- նշում է լրատվամիջոցը՝ հղում անելով PTV հեռուստաընկերությանը։
Բախումների հետևանքով զոհվել է երեք խաղաղ բնակիչ, վիրավորվել է մի քանի երեխա։ Զոհեր կան նաև զինվորականների շրջանում։
Երկու կողմերն էլ հոկտեմբերի 12-ին հայտարարել էին, որ Պակիստանի և Աֆղանստանի միջև գիշերային սահմանային բախումների ժամանակ տասնյակ զինյալներ են զոհվել, ինչը Քաբուլում թալիբների իշխանության գալուց ի վեր երկու հարևանների միջև տեղի ունեցած ամենալուրջ մարտերն են։
Իրավիճակը սրվել էր, երբ Իսլամաբադը պահանջել է, որ Թալիբանը միջոցներ ձեռնարկի Պակիստանում հարձակումներն ակտիվացրած զինյալների դեմ՝ պնդելով, որ նրանք գործում են Աֆղանստանի ապաստարաններից: 2021 թվականին իշխանության եկած Թալիբանը հերքում է, որ պակիստանցի զինյալներ կան իր տարածքում:





































