ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը համաձայնել է Իրանի խնդրանքով միջուկային ծրագրի շուրջ այս շաբաթ նախատեսված բանակցությունները Թուրքիայից տեղափոխել Օման, հայտնել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ վկայակոչելով արաբական աղբյուրին։
Նրա տվյալներով՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կարող են կայանալ փետրվարի 6-ին: Միաժամանակ, քննարկվում է հանդիպման ձևաչափի և տարածաշրջանի արաբական և մահմեդական երկրների ներկայացուցիչների հնարավոր մասնակցության հարցը։ Աղբյուրները նշում են, որ Թեհրանը նաև պնդում է բանակցությունների օրակարգը բացառապես միջուկային թեմատիկային նեղացնելու և երկկողմ ձևաչափով հանդիպում անցկացնելու մասին:
Նման մոտեցումը, դիվանագետների տվյալներով, չի համընկնում Վաշինգտոնի դիրքորոշման հետ, որը ձգտում է քննարկման մեջ ներառել նաև այլ հարցեր, այդ թվում՝ իրանական հրթիռային ծրագիրը և տարածաշրջանում Թեհրանի կողմից աջակցվող ուժերի գործունեությունը:
Բանակցությունների հետաձգումը տեղի է ունենում Մերձավոր Արևելքում ռազմական լարվածության աճի և տարածաշրջանում ամերիկյան ռազմական ներկայության ավելացման ֆոնին:
Փետրվարի 3-ին հաղորդվել էր Արաբական ծովում տեղի ունեցած միջադեպի մասին, ըստ որի ամերիկացի զինվորականները խոցել էին իրանական անօդաչու թռչող սարք, որը մոտեցել էր Abraham Lincoln ավիակրին: Թրամփը, մեկնաբանելով իրավիճակը, հայտարարել էր, որ Իրանի հետ բանակցությունները շարունակվում են, սակայն չէր մանրամասնել դրանց անցկացման մանրամասներն ու վայրը: Իրանի պաշտոնյաներն, իրենց հերթին, հաստատել էին, որ հանդիպման անցկացման վայրի շուրջ խորհրդակցությունները դեռ շարունակվում են՝ նշելով մի շարք երկրների, այդ թվում՝ Թուրքիայի և Օմանի՝ բանակցություններն ընդունելու պատրաստակամությունը:






































