Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչի միջև գործում է հաղորդագրությունների փոխանակման հատուկ կապուղի, հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային՝ հղում անելով Իրանի պետական հեռուստառադիոընկերության հեռարձակած մամուլի ասուլիսին։
Բաղայիի խոսքով՝ կապուղին բաց է և օգտագործվում է ըստ անհրաժեշտության՝ կողմերի միջև կարևոր տեղեկատվություն փոխանցելու համար։ Այնուամենայնիվ, Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը չի հստակեցրել, թե հատկապես ե՞րբ է ստեղծվել այդ կապուղին և ինչպիսի՞ հարցեր են քննարկվում դրա շրջանակներում։
Հիշեցնենք, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև պաշտոնական դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում կողմերը հաճախ են օգտվում նմանատիպ միջնորդավորված կամ ուղիղ տեխնիկական կապի միջոցներից՝ տարածաշրջանային լարվածությունը կառավարելու նպատակով։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է կոշտ հարված հասցնել Իրանին՝ խաղաղ ցուցարարների մահվան դեպքում։ ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ ամերիկացի զինվորականներն Իրանում «շատ ուժգին տարբերակներ» են դիտարկում՝ երկրում ցույցերի ֆոնին։ Իրանի իշխանությունները հայտարարել էին պատասխան հարվածների մասին ԱՄՆ-ի միջամտության դեպքում:
Իրանում բողոքի ցույցերը շարունակվում են դեկտեմբերի 28-ից: Ի սկզբանե դրանք պայմանավորված էին տնտեսական ծանր իրավիճակով և ազգային արժույթի փոխարժեքի անկմամբ, բայց շուտով ձեռք են բերել նաև քաղաքական ենթատեքստ: Իրանագետ Տիգրան Դավուդյանը հունվարի 11-ին հայտնել էր Իրանում հայ ցուցարարի մահվան մասին։






































