ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նոր տարվա տոների ընթացքում հանրապետության մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումների համար մեղադրել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի նախկին ղեկավարությանը։ Նա այս մասին հայտարարել է կառավարության հունվարի 8-ի նիստին հաջորդող ճեպազրույցի ժամանակ։
Միևնույն ժամանակ՝ ընկերության սեփականատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի հիմնադրած «Մեր ձևով» շարժումն անջատումները կապել է ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի՝ մասնագետներին և ներդրումները կրճատելու որոշումների հետ։
ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի նշանակումը տեղի էր ունեցել Կարապետյանի ձերբակալությունից հետո, որը հրապարակային քննադատել էր Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարության դեմ ՀՀ կառավարության գործողությունները։ Դրանից հետո կառավարությունը ժամանակավոր կառավարիչ էր նշանակել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Պետրոսյանին և սկսել ընկերությունը պետականացնելու գործընթաց։
Փաշինյանը ներողություն է խնդրել քաղաքացիներից ամանորյա անջատումների համար և նշել, որ առանց ղեկավարության փոփոխության տոներին առանց էլեկտրաէներգիայի մնացած բաժանորդների և շրջանների թիվն զգալիորեն ավելի մեծ կլիներ։
«Մեր ձևով» շարժումը չի համաձայնել այս գնահատականի հետ՝ նշելով, որ անջատումները ՀԷՑ-ի ղեկավարության փոփոխությունից հետո կայացված կառավարման որոշումների արդյունք են։
Շարժման մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը հայտարարել էր, որ ժամանակավոր ղեկավարի նշանակումից հետո մասնագիտական անձնակազմն ազատվել է աշխատանքից, նախատեսված աշխատանքները սահմանափակվել են, իսկ ներդրումները՝ կրճատվել։ Շարժման տվյալներով՝ ներդրումները 45 միլիարդ դրամից նվազել են մինչև 25 միլիարդ դրամ։





































