Հայաստանի ծանրամարտի հավաքականի ներկայացուցիչ Մնացական Աբրահամյանը դարձել է Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր, հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից:
Եվրոպայի առաջնության 94 կգ քաշային ծանրորդների պայքարում Աբրահամյանը պոկում վարժությունում ունեցել է երեք հաջող մոտեցում` բարձրացնելով 150 կգ, 155 կգ, 160 կգ: Այս ձևում Աբրահամյանը երրորդն էր:
Հրում վարժությունում նա գլխավերևում պահել է 190 կգ, 196 կգ, 201 կգ: Այս վարժությունում հայ ծանրորդն առաջինն էր:
Երկամարտի 361 կգ արդյունքով Աբրահամյանը դարձել է Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր:
Մրցաշարում չեմպիոնական տիտղոսներ էին նվաճել Հայաստանի ներկայացուցիչներ Տիգրան Կարապետյանը, Գառնիկ Չոլաքյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, Լիանա Գյուրջյանը, Էմմա Պողոսյանը, Նարեկ Գրիգորյանն ու Նարեկ Մկրտչյանը նվաճել էին արծաթե մեդալներ, իսկ Մերի Միսակյանն ու Աննա Ամրոյանը դարձել էին բրոնզե մեդալակիրներ:






































