Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել արցախցի հասարակական և քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանի հայցն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։
Օսիպյանը հայցադիմումը սկզբնապես ներկայացրել էր հունիսի 18-ին, սակայն դատարանի հուլիսի 1-ի որոշմամբ այն վերադարձվել էր։ Թերությունները վերացնելուց և փաստաթուղթը կրկին ներկայացնելուց հետո դատավոր Ս. Խաչատրյանը հուլիսի 17-ին որոշում էր կայացրել այն վարույթ ընդունելու մասին։
Այդ ժամանակ նա հայտարարել էր, որ մայիսի 18-ին Փաշինյանի կողմից իր նկատմամբ հնչեցրած զրպատության և կեղծ տեղեկություններ տարածելու պատճառով իր արժանապատվությունը պաշտպանելու համար դիմել էր ծայրահեղ միջոցի՝ հացադուլի, քանի որ անազատության մեջ այլ տարբերակ չէր ունեցել։
«Բայց հաշվի առնելով, որ դատախազությունը փոխել է խափանման միջոցը, ես շարունակում եմ պայքարն այլ ճանապարհով, և այսօր հայցադիմում եմ ներկայացրել ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն և նրան ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջների մասին»,- նշել է Օսիպյանը։
Նա հավելել է, որ իր դեմ նախաձեռնված քրեական վարույթը դեռ ընթացքի մեջ է։
Օսիպյանը ձերբակալվել էր Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո։ Քաղաքական գործիչը պնդել էր, թե Փաշինյանը տեղյակ էր Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից բաժանվող ընտրակաշառքների մասին, սակայն, չնայած դրան, աջակցել էր նրան։ Միջադեպի ընթացքում վարչապետը դիմել էր Օսիպյանին՝ հետևյալ խոսքերով. «Գնայիր, զոհվեիր, դու խի՞ ես կենդանի, ռադդ քաշի, համբալի մեկը»։
Մայիսի 21-ին Օսիպյանին կալանավորել էին, որից հետո նա հացադուլ էր հայտարարել։ Մայիսի 29-ին արցախցի գործիչը վարչապետից պահանջել էր ներողություն խնդրել իրենից և այն արցախցիներից, որոնք, նրա խոսքով, չեն խուսափել պատերազմից և ստիպված էին Արցախը լքել։




































