Բժշկական զննության ժամանակ հուլիսի 20-ի առավոտյան կտրուկ վատացել է «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար, «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը, հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Թևանյանի մոտ արձանագրվել է զարկերակային ճնշման կտրուկ անկում:
«Կալանավայրում սկզբում որոշել են շտապօգնություն կանչել, քանի որ Թևանյանը գտնվել է կյանքի և մահվան սահմանագծում, բայց որոշ ժամանակ անց փոխել են որոշումը և շտապօգնություն չեն կանչել: Իրենց որոշումը հիմնավորել են այն բանով, որ Թևանյանի վիճակը կամաց-կամաց կարգավորվում է և կյանքին այլևս վտանգ չի սպառնում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կուսակցությունից տեղեկացրել են, որ Թևանյանը մինչև կալանավայրում հայտնվելը երբևէ չի ունեցել ճնշման և, ընդհանրապես, առողջական որևէ լուրջ խնդիր:
Նշվում է, որ Թևանյանի առողջական վիճակը կայունացել է, ինքնազգացողությունը բավարար է և գտնվում է ՔԿՀ-ի բժշկական անձնակազմի հսկղության ներքո:
Թևանյանը պետական դավաճանության գործով մայիսի 23-ին կալանավորվել էր երկու ամսով։ Քրեական հետապնդումն սկսվել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունից հետո, որ Թևանյանի դեմ քրեական գործ կհարուցվի հայրենիքի դավաճանության հոդվածով և որ իշխանություններն «արմատախիլ են անելու լրտեսական ցանցը»։ Կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ Արեգնազ Մանուկյանը ևս երկու ամսով կալանավորվել էր հուլիսի 9-ին՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու մեղադրանքով։






































