Բաքվի բանտում պահվող լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքջյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, հայտնել է նրա ներկայացուցիչ, փաստաբան Լուսիանա Մինասյանը։
Նրա փոխանցմամբ՝ Էուլջեքջյանի ընտանիքից տեղեկացել են, որ նա այլևս չի կարողանում քայլել և մնացել է առանց բուժօգնության։ Ընտանիքը նաև նշել է, որ Էուլջեքջյանն ավելի քան 45-օրյա ընդմիջումից հետո կարողացել է խոսել իրենց հետ։ Փաստաբանի խոսքով՝ զանգի ընթացքում նա նշել է, որ ֆիզիկական վիճակը կտրուկ վատացել է, չի կարող շարժվել և սայլակի կարիք ունի, որն իրեն չի տրամադրվում։
Էուլջեքջյանի ներկայացուցիչները տեղեկացրել են նաև, որ թեպետ նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն չեն թույլատրել ընդունել որևէ դեղորայք, բուժում չի իրականացվել, և նա շարունակում է մնալ առանց բժշկական օգնության։ Ընտանիքը նաև նշում է, որ Էուլջեքջյանին տրվում է միայն թեյ և հաց, ինչը որակվում է որպես նորմալ սննդից փաստացի զրկում։
Հայտարարության հեղինակներն այս պայմանները ներկայացնում են որպես միջազգային մարդասիրական իրավունքի, ՄԱԿ-ի «Մանդելայի կանոնների» և անպատշաճ վերաբերմունքն արգելող պարտավորությունների հնարավոր խախտում։ Նրանք կոչ են անում ապահովել անկախ բժիշկների անհապաղ այց, միջազգային հումանիտար մուտք, սայլակի տրամադրում, անհրաժեշտ սնունդ և դեղորայք։
Էուլջեքջյանը ձերբակալվել էր 2020թ. նոյեմբերի 10-ին Շուշիում՝ 44-օրյա պատերազմի հրադադարից մեկ օր անց։ 2021թ. հունիսի 14-ին Բաքվի ռազմական դատարանը նրան դատապարտել էր 20 տարվա ազատազրկման՝ «վարձկան գործունեության» և «ահաբեկչության» մեղադրանքներով։
Փաստաբանները հոկտեմբերի 23-ին դիմել էին ՄԱԿ-ի աշխատանքային խմբին՝ նրա անհապաղ ազատ արձակման պահանջով:




































