Եվրոպական միությունը ներդնում է մուտքի/ելքի նոր համակարգ (Entry/Exit System - EES), որը կսկսի գործել 2025թ. հոկտեմբերի 12-ից, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:
EES-ը ԵՄ լայնածավալ թվային սահմանային կառավարման համակարգ է, որը մշակվել է միգրացիոն գործընթացների թափանցիկության և անվտանգության բարձրացման նպատակով։
Նոր համակարգի նպատակն է ամրապնդել Շենգենյան գոտու արտաքին սահմանների վերահսկողությունը, բարձրացնել անվտանգությունը և պարզեցնել գործընթացները ոչ ԵՄ երկրների քաղաքացիների համար, նշում է արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Սահմանային անցակետերում ԵՄ և Շենգենյան գոտու պետություններն այսուհետ կգրանցեն յուրաքանչյուր մուտք և ելք՝ փոխարինելով ներկայիս անձնագրում դրոշմակնիքներ դնելու գործելակերպը։ Նոր համակարգը վերաբերում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր չեն հանդիսանում ԵՄ կամ Շենգենյան գոտու անդամ պետության քաղաքացի, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներին։
Գրանցվող տվյալներն են՝
- Անձնական տվյալներ (անուն, ազգանուն, քաղաքացիություն և այլն),
- Ճամփորդական փաստաթղթի տվյալներ,
- Մուտքի և ելքի ամսաթիվ ու վայր,
- Կենսաչափական տվյալներ՝ մատնահետք և դեմքի լուսանկարում։
Համակարգն ավտոմատ կերպով կվերահսկի, թե արդյոք թույլատրելի՞ է տվյալ անձի մուտքը և արդյոք չի՞ գերազանցվել Շենգենյան գոտում կարճաժամկետ մնալու «90 օր՝ յուրաքանչյուր 180 օր ժամանակահատվածում» կանոնը։ EES-ը կգործի բոլոր արտաքին սահմանային անցակետերում՝ օդանավակայաններում, ծովային նավահանգիստներում և ցամաքային սահմանային անցակետերում։
ԱԳՆ-ն նշում է՝ ճանապարհորդները պետք է պատրաստ լինեն կենսաչափական տվյալների (մատնահետք, լուսանկարում) տրամադրմանը և սահմանին ստուգման ավելի երկար տևող ժամանակահատվածին՝ հատկապես առաջին անգամ մուտք գործելիս։






































