Երևան քաղաքի Աբովյան 22 հասցեում գործող «Վիլլերոյ & Բոխ» (Villeroy & Boch Armenia) խանութ-սրահում հայտնաբերվել են վտանգավոր մանկական բաժակներ, հայտնում է ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։
Խոսքը վերաբերում է «Քաղցած արջի պես», «Ուրախ արջի պես», «Մռնչա առյուծի պես», «Քայլիր փղի պես» անվանումներով հավաքածուներին։ Տեսչական մարմինն զգուշացնում է, որ բաժակների ապակին կարող է կոտրվել, եթե ներսից ճնշում գործադրվի, ինչը կարող է հանգեցնել վնասվածքների։
«Որակի շեղման պատճառը բաժակների արտադրության ընթացքում առաջացած չափազանց մեծ ճնշումն է՝ չմշակված ապակու ձուլման հետևանքով»,- մանրամասնում է տեսչական մարմինը և բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել նշված ապրանքները, հորդորում է կապ հաստատել իրենց հետ, վերադարձնել բաժակները՝ ստանալով ապրանքի արժեքի վերադարձ։






































