Այսօր Արցախից տեղահանված բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության շենքի դիմաց։
Հադրութի բնակիչ Աշոտ Հարությունյանն Armenia Today-ի հետ զրույցում ասաց, որ իրենք պահանջում են Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հրաժարականը։
«Հայկ Խանումյանը հայտարարեց, որ միջազգային կառույցներն էլ են խոչընդոտ հանդիսանում, որ տեղահանված արցախցիները վերադառնան Արցախ, այսինքն՝ միջազգային կառույցները, որ ինչ-որ չափով մեզ աջակցություն են տրամադրում, դրանով խոչընդոտում են, որ մարդիկ գնան Արցախ:
Միջազգային կառույցները խոչընդոտ չեն հանդիսանում, ընդհակառակը, օգնում են, որ մենք այստեղ գոյատևենք, իսկ երբ մեզ կասեն, որ ձեր բնակարաններն Արցախում պատրաստ են, մենք մեծ հաճույքով կգնանք»,- շեշտեց բողոքի ակցիայի մասնակիցը։
Նշենք, որ Արցախից տեղահանվածները պահանջում են, որ իրենց փախստականի կարգավիճակ տրամադրվի։
Հիշեցնենք, որ Արցախի բռնազավթված տարածքներից տեղահանված բնակիչները հունվարի 27-ին, ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի և ԱԳՆ-ի շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել: Բողոքի ակցիան կազմակերպել են «Հանուն Հադրութի» ու «Շուշիից բռնի տեղահանվածների» ՀԿ-ները:
Արցախի բնակիչները ՄԱԿ-ի երևանյան գրասենյակին նամակ են հանձնել և տեղափոխվել ԱԳ նախարարության շենքի դիմաց՝ բողոքի ակցիան շարունակելու համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







