Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 94 մանկապարտեզում բողոքի ալիք է բարձրացել ընդդեմ տնօրեն Փառանձեմ Միրիբյանի։ Աշխատակիցները պահանջում են վերջինիս հեռացումը՝ աշխատանքային էթիկայի խախտման և անառողջ մթնոլորտի պատճառով։
Մարտի 31-ին մանկապարտեզի աշխատակիցները կոլեկտիվ դիմում են ներկայացրել Երևանի քաղաքապետարան, որի տակ ստորագրել է անձնակազմի ճնշող մեծամասնությունը՝ 79 աշխատակից։ Այսօր նախատեսված է հանդիպում վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում՝ ճգնաժամային իրավիճակը քննարկելու նպատակով։
Ըստ ակցիայի մասնակիցների՝ տնօրենի օրոք արձանագրվել է կադրերի արտահոսք. մեկուկես տարում հաստատությունը լքել է 10 աշխատակից։
Ակցիայի մասնակիցների խոսքով՝ տնօրենի հետ հանդիպում չի կայացել, թեպետ այդ առաջարկն արել են նրան։
Աշխատակիցները պատմել են նաև, որ թեև ազատման հիմքը սեփական դիմումն է, իրական պատճառը տնօրենի «նվաստացուցիչ վերաբերմունքն է դաստիարակների և օժանդակ անձնակազմի նկատմամբ»։
«Թեև ձևակերպվում է, որ նրանք դիմումի համաձայն են հեռացել, բայց որևէ մեկը չի հետաքրքրվել՝ ինչո՞ւ է այդքան մարդ լքում աշխատանքը։ Դա պատահական չի կարող լինել»,- նշել է ակցիայի մասնակիցներից մեկը։
Կադրային արտահոսքը հանգեցրել է նաև մասնագետների պակասի։ Նրանց փոխանցմամբ՝ դաստիարակները շարունակում են ազատման դիմումներ գրել, քանի որ չեն կարող աշխատել այդ պայմաններում։
Ակցիայի մասնակիցները նաև նշել են, որ աշխատակիցներին հեռացնելու հետևանքով ազատ հաստիքներ են առաջացել, որոնք չեն համալրվում։ Օրինակ՝ ներառական կրթություն ստացող երեխաները զրկվել են անհրաժեշտ աջակցությունից։
«Ունենք ներառական երեխաներ, որոնց համար անհրաժեշտ մասնագետներ չկան։ Հաստիքները կան, բայց մասնագետներ՝ ոչ»,- հավելել է ակցիայի մասնակիցը։
Միրիբյանը լրագրողների հետ զրույցում հրաժարվել է մեկնաբանել իրեն ուղղված մեղադրանքները՝ պատճառաբանելով հետվիրահատական վիճակը։ Լրագրողների հարցին, թե արդյոք նա աշխատակիցներին անվանե՞լ է «տառական» և ասել, որ նրանք «մոռգից (դիահերձարան-խմբ.) բացի, այլ տեղ չեն կարող աշխատել», Միրիբյանը հորդորել է «չսադրել» իրեն՝ նշելով միայն, որ մանկապարտեզն աշխատում է բնականոն հունով։
Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ մեկնարկել է ուսումնասիրության փուլ։ Տնօրենի գործողություններին իրավական գնահատական տալու համար նախատեսված են բազմակողմանի քննարկումներ անձնակազմի և ծնողական համայնքի հետ։
Թարմացված է՝ 1.04.2026 | 14։02





































